Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ոտքը արտերկրում, մյուսը՝ հայրենիքի սահմանին

Նոյեմբեր 24,2022 12:30

Մարտին Խանյանի տուն եմ եկել՝ հերթական հարցազրույցի։ Հայաստանի սահմանին թշնամու հետ հերթական՝ սեպտեմբերի 13-14-ին զինված բախումների ծանր մթնոլորտը դեռ թանձրացած է օդում։

Զինվորական համազգեստն է արագ-արագ հագնում… շտապում է. «Կներես… դու խնձոր կեր, Ջերմուկից է»։ Հասկացա, շտապում է սահման. այս անգամ հավանաբար՝ Ջերմուկ։ «Բայց, ասում են, ամեն ինչ արդեն կարգավորվել է»,-սրտնեղում եմ, որ կրկին բաց եմ թողնելու հարցազրույց անցկացնելու հնարավորությունը։ «Մինչեւ տեղում չլինեմ, չծանոթանամ վիճակին, հեռվից լսածներին չեմ հավատա։ Առանց այդ էլ՝ 2 օր ուշացել ենք արդեն, չգիտեմ՝ ոնց էսպես ստացվեց։ Իսկ հարցազրույցը՝ հետո. գուցե էլի կհանդիպենք…»,-ասում է նա։
Մտովի տեղափոխվեցի Մարսել, Մարտինի տուն։ 2020թ. սեպտեմբերի վերջին հավանաբար էլի այսպես է եղել։ Կինը՝ Ռուզանն էր պատմում՝ «Առավոտյան նոր էինք արթնացել, երբ լսեցինք, որ Արցախում պատերազմ է սկսվել։ Մարտինն անմիջապես կապ հաստատեց իր մարտական ընկերների հետ եւ հասկանալով, որ դրությունը ծանր է, գնաց դեսպանատուն, վերցրեց ժամանակավոր անձնագիրն ու մեկնեց Հայաստան։ Չլսեց մեր հորդորները։ Իր չգնալու մասին չէ, որ մտածում էինք։ Պարզապես տարիքը. ախր կխանգարես, ասում էինք, էլ 90-ականների զենքերը չեն, որոնցով կռվում էիք առաջին արցախյանին։ Բայց պատասխանը մեկն էր՝ ես այնտեղ ամեն ծակուծուկ գիտեմ, հո երեխեքին մենակ չե՞մ թողնելու։ Ֆրանսիայից Հայաստան ընկերներն ու հարազատները նրան ճանապարհեցին ուրախ։ Վստահ էինք՝ հաղթանակած հետ է վերադառնալու, ինչպես Արցախյան առաջին պատերազմին ու քառօրյային»։
Ականջներիս չէի հավատում. երկու արցախյան պատերազմներին մասնակցելուց հետո… կրկին ճակա՞տ, այն էլ Մարսելից։ Գնդակոծվող Ջերմուկից բերված դեղին խնձորը ափերիս մեջ անշտապ պտտելով հետեւում էի Մարտինին։ Արագ-արագ ուսապարկում ինչ-որ բաներ էր տեղավորում։ Ուզում էի հասկանալ՝ ի՞նչն է այս միջահասակ, արտաքնապես սովորական, երիտասարդությունն անցյալում թողած, ճերմակած մազերով, բայց կենսախինդ մարդուն ամեն անգամ ստիպում թողնել ամեն բան ու հարմարավետ Մարսելից վերադառնալ վիրավոր հայրենիք։ Նախորդ անգամ, երբ էլի եկել էի հարցազրույցի, ու հարեւաններից հարցուփորձ էի անում, թե ինչու է դուռը փակ, հարեւանուհին՝ տիկին Ծաղկանուշը, անվրդով վրա բերեց՝ էլի Արցախում կլինի։

Էլի՞՝ հարցնում եմ։

Պատասխանի փոխարեն պատմեց. «Դեռ փոքր տարիքից էր աչքի ընկնում. չարաճճի, ճարպիկ, անվախ երեխա էր։ 7-8 տարեկան կլիներ։ Բակում խաղում էր հյուրերի երեխաների հետ։ Բարձրանում էին բարձր սյուների վրա ու ներքեւ թռչում։ Բարձրացել էր ամենաբարձր սյունին ու ցատկել։ Էնպես էր ընկել մալուխների վրա, որ դիմացի ատամներից մի քանիսը ջարդվել էին։ Բոլորս վայ-վույ էինք անում, խառնվել էինք իրար, իսկ ինքը արնաթաթախ մռութով ծիծաղում էր»։ Մտքերիս ընթացքը կտրեց ինքը՝ Մարտինը, որը շարունակում էր պատրաստվել ճանապարհի. «Գիտեմ՝ ինչ ես մտածում։ Պետք չի։ Մեր հողը իրենց ոտերի տակ կրակ ենք դարձնելու։ Չգիտեմ՝ կհասկանաս, թե ոչ, բայց պարտքի էն զգացումն ունեմ երկրի, սահմանին կանգնած տղերքի հանդեպ, ինչպես ժամանակին հորս առջեւ՝ ըմբշամարտի մրցումներին մասնակցելիս։ Հիշում եմ, երբ գնում էի Եվրոպա՝ մրցումների, հայրս աշխատանքից արձակուրդ էր վերցնում ու գալիս, նստում առաջին շարքերում, անթարթ հայացքով նայում էր գոտեմարտերս։ Վայն եկել ինձ տարել էր, թե պարտվեի։ Կասեր՝ ափսոս այն գումարը, որ չվաստակեցի արձակուրդի ընթացքում։ Այդ նախատինքի խոսքերը մրցումներիս ամենաթեժ պահերին ականջներումս էին»։

Ուրեմն նախատինքը… հոր նախատինքը, պապերի նախատինքը, սերունդների նախատինքը, գենը, որ նաեւ պայքարի մղում ու մարտակոչ է, որ նաեւ Մարսել-Երեւան ավիատոմս է, անդադար թռիչքների տոմս։

Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Յուրի Ալեքսանյանն էր պատմել, որ Մարտինը ԽՍՀՄ-ի եւ Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն է եղել. «Խանյանին ճանաչում եմ այն ժամանակներից, երբ նա դեռ Համամիութենական պատանեկան մրցաշարերում եւ Խորհրդային միության պատանեկան կազմում մասնակցում էր մրցումների եւ միշտ, որպես օրենք, հաղթանակով էր վերադառնում,- պատմում էր նա,-նույնիսկ հիշում եմ Մարտինի հայրիկին, որը շատ էր ոգեւորվում որդու հաղթանակներով։ Այդպես Մարտինը փոքրիկ հաղթանակներով առաջադիմեց դեպի մեծ սպորտ։ Որքան մեծանում էր, այնքան մեծ հաղթանակներ էր տանում։ Եվ հիշում եմ, 1984 թվականին մեր թերթում հոդված տպագրեցինք «Մի տնից երկու չեմպիոն. արդյոք շատ չէ՞» հումորային վերնագրով, որովհետեւ Մարտինը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ քույրը՝ Սովետական Միության դպրոցականների «Սպարտակիադայի» չեմպիոն»։

Քույրը՝ Մարիետան, ով բնակվում է ԱՄՆ-ում, եւս կարոտով հիշում էր, որ եղբոր հորդորով է ընտրել դեպի սպորտ ճանապարհն ու գրանցել հաղթանակներ. «Եղբայրս դեռ փոքրուց շատ-շատ սիրում էր կոկիկություն ու կարգապահություն։ Թե՛ հագուստի մեջ, թե՛ տանը, թե՛ դրսում ու թե՛ սպորտում։ Իր այս հատկանիշների շնորհիվ էր, որ ամեն ասպարեզում հաջողություններ էր գրանցում ու ինձ եւ մյուս եղբորս էլ, այսպես ասած, տանում էր իր ետեւից»։ Խորհրդային միության փլուզումից հետո Մարտինը տեղափոխվել էր Բելառուս, որոշել էր մարզումները շարունակել այնտեղ։ Մի քանի տարի մարզվելուց հետո թողել է մեծ սպորտը, վերադարձել Հայաստան։ «Բելառուս տեղափոխվելուց հետո սկսվեց Արցախյան առաջին պատերազմը եւ հայրենիքի կանչով Մարտինը նորից վերադարձավ՝ պաշտպանելու այն։ Կամավորագրվեց Մալաթիա ջոկատում, վաղամեռիկ Վահան Զատիկյանի ջոկատում»,-ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն էր պատմել։

Ուրեմն հաղթանակի թաքնված զգացումը, սպասումը, կամքի կռումն այսքան խոր արմատներ ունի՝ մտածում եմ։ Կարծես լսելով գլխումս քաոս ստեղծած հարցերի պատասխանների փնտրտուքի աղմուկը՝ Մարտինը շրջվում է դեպի ինձ ու ջերմ, հուսադրող ժպիտով շարունակում. «Կգնամ ձեռքս կդնեմ մեր երեխեքի գլխին։ Ինչ էլ չլինի, չեմպիոնի ձեռք է, հետն էլ՝ երեք պատերազմին ավտոմատ բռնած ձեռք։ Տարիներ առաջ, երբ դարձա Եվրոպայի չեմպիոն ու վերադարձա տուն, ձեռքս դրեցի քրոջս գլխին եւ օրեր անց նա «Սպարտակիադայի» չեմպիոն դարձավ»։
Տարիներ անց նույն ինքնավստահությամբ, սեփական ուժերին ապավինելու հավատամքով պիտի «վարակեր» արդեն դստերը՝ Գոհարին, որ հիմա հորը համարում է իր կենսակերպով, այլ ոչ թե կենացներով ապրող հայրենիքի մարտիկի օրինակ: «Քառասունչորսօրյա պատերազմից հետո իր խորհրդով ՈՄԱ-ում դասընթացների գնացի,-պատմում էր Գոհարը։ -Մի օր ասաց՝ մեր երկրում տղա թե աղջիկ պետք է իմանա ինքնապաշտպանության կանոնները։ Ու դա բավական էր որոշումս կայացնելու համար»։ Ջերմուկից բերված խնձորն արդեն տաքացել է ափերիս մեջ։ Համառ ջանքեր եմ գործադրում կռահելու, թե ինչ է մտածում պատերազմ գնացող նախկին սպորտսմենը, որ ճանապարհից առաջ նաեւ հումոր է անում, ինչից է սնվում նրա հանգստությունն ու վստահությունը։ Հավանաբար մի քիչ ծո՞ւռ պետք է լինել…

Տղան՝ Հարությունը, կարճ էր բնութագրում հորը՝ «Նրա «ոչ»-ը «այո» չի դառնում»։ Հետո, որպես իմ համոզմունքի հաստատում, մտաբերեցի, որ 44-օրյայի ընթացքում չնայած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի արգելքին ու հորդորներին, «Վլադիմիր Բալայանի» անունը կրող ջոկատի հետ, Ալեքսեյ Բալայանի գլխավորությամբ, կյանքը վտանգի ենթարկելով՝ օպերացիա էին կազմակերպել եւ արաբ վարձկանների գերի վերցրել։ Հետո, նույն այսօրվա հանդարտ ժպիտով պատմում էր՝ «Մինչեւ ուշ գիշեր նախագահը հորդորում էր չանել այդ քայլը, ասելով, որ մեր կյանքը ավելի թանկ է, քան այդ օպերացիան։ Ասացինք՝ լավ ու հեռախոսն անջատելուց րոպեներ անց սկսեցինք։ Արաբները մեզ համար հարուստ ավար էին։ Էդ ավարն էլ մեզ շնորհած «Արիության» մեդալ արժեցավ։ Պետք էր ապացուցել, որ պատերազմում վարձկաններ են կռվում… ապացուցեցինք»,-ասում էր ու հպարտ լռությամբ չափում սեղանին լցված բազում շքանշաններն ու պարգեւները, որոնցից ամեն մեկի տակ մի չպատմված, չբարձրաձայնված պատմություն կա, ընկած մարտական ընկերների մասին հուշեր։

Մոտենում է պատուհանին ու բակ նայում։ «Ինչի են տղերքն ուշանում, արդեն էստեղ պիտի լինեին»,-լսում եմ քթի տակ շշնջոցը։
Տղերքը… նրանցից ոմանց հետ ապրել ու վերապրել է պատերազմի հաղթանակներն ու կորուստները, հույսերն ու հիասթափությունները։ Մարտական ընկերներից Արսեն Մանուկյանը հիշում էր՝ «Մարտինի հետ ծանոթացել եմ 1993 թվականին Ֆիզուլիի ու Հորադիզի ազատագրման ժամանակ, հետո արդեն մեզ համար կանոն էր դարձել, որ թշնամու ցանկացած փորձի ժամանակ հավաքվում էինք մեր մարտական ընկերներով ու գնում առաջնագծի նախանշված տեղանք։ Միշտ Մարտինն էր գլխավոր նախաձեռնողը, նույնիսկ Ֆրանսիայից Հայաստան ամեն ինչ կազմակերպեց, մինչեւ ինքը եկավ, հասավ։ Հետո հավաքվեցինք ու գնացինք Արցախ»։

Չգիտեմ՝ ներքեւում քանի՞ արսեններ են սպասելու այս անգամ…Չիմացա էլ, թե ինչպես հրաժեշտ տվեցի, երբ դրսում լսվեց մեքենայի հռնդյունը ու միասին ներքեւ իջանք։ Աչքերս թրջվելուն պես Ջերմուկից բերված խնձորը վերջապես համտեսեցի՝ ուշադրություն չդարձնելով անցորդներին, որոնք անհոգ, կամ մտահոգ հայացքներով սահում էին Երեւանի փողոցներով։ Համեղ էր։ Ու անհամեստաբար մտածեցի, որ կգամ անպայման Մարտինի վերադարձը կրկին ողջունելու ու կրկին ճակատ գնալու անհրաժեշտության բացակայությունը ի վերջո թույլ կտա նրա հետ ունենալու իմ ամենասպասված հարցազրույցը։ Ու նա էլի իր հետ Ջերմուկից միրգ բերած կլինի։ Հետո նաեւ Հադրութից, Շուշիից… Վերեւում մի ինքնաթիռ է Երեւանի երկինքը սպիտակ փրփրաձեւ հետքով ակոսում։ Հավանաբար Մարտինը չի լսում այդ ձայնը դեպի սահման սլացող մեքենայի հռնդյունից ու ժամանակ չունի ինձ նման մտածելու՝ իսկ գուցե մետաղե այս թռչունը հեռուներից Հայաստանով ապրող, հայրենիքը գործով սիրող էլի՞ հայորդիների է բերում……որոնք մեր կողքին կլինեն ու կապրեցնեն մեզ միշտ։

Մարիամ ԱՆՏՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել