Սկիզբը՝ այստեղ:
Ադրբեջանական ագրեսիան՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովի կուլուարների քննարկումներում
54 մշտական անդամ ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու համար Թունիս էին ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ ֆրանսախոս ու կազմակերպության անդամ մի քանի տասնյակ այլ երկրների ղեկավարները:
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ամբիոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտագործեց, շեշտելով, որ միջազգային հանրությունից էլ ակնկալում է արդար գնահատական Հայաստանում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան եւ պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։ Պաշտոնական Երեւանն, այսպիսով, շեշտեց Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների բռնազավթման փաստը, ընդգծելով, որ Բաքուն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես, որեւէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը։
Կարդացեք նաև
Փաշինյանը նշեց, որ Հայաստանը հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաեւ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը: Ընդգծելով, որ վերջին շրջանում խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որեւէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը՝ Փաշինյանը որպես վառ ապացույց ընդգծել է Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանը սեպտեմբերի 13-14-ին։ «Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված եւ չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ եւ տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։ Հաստատված զինադադարը, սակայն, դեռեւս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին»,- ասաց նա։ Հիշեցնելով 4 տարի առաջ Երեւանում անցկացված գագաթաժողովի՝ «Ապրել միասին» կարգախոսը՝ Փաշինյանն ատելության խոսքի եւ անհանդուրժողականության ֆոնին այն այսօր էլ արդիական է համարել, ողջունել է Ֆրանկոֆոնիայի հանձնառությունն ի նպաստ բազմակողմանիության, որը, ըստ վարչապետի, երաշխավորում է իրավունքի եւ պետությունների ինքնիշխանության հարգանքի վրա հիմնված միջազգային համակարգի գոյությունը։
Միջազգային ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, որ չնայած հաստատված զինադադարին, Ադրբեջանը վերջ չի դրել Հայաստանի տարածքների նկատմամբ իր նկրտումներին. «Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան եւ պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր»։
Թունիսում ադրբեջանական ագրեսիային Փաշինյանն անդրադարձ է կատարել իր հանդիպումներում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Փաշինյանը մտքեր են փոխանակել հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի առաջնորդների եւ Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Կարեւորվել է Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը: Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: Հայաստանի եւ Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են նաեւ հայ-ֆրանսիական երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Փաշինյանը Թունիսում հանդիպել է նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, կրկին շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացման, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: «Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաեւ Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարեւորությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը», նշվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ու Միշելը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացման շուրջ:
Ադրբեջանական ագրեսիային անդրադարձ է կատարվել նաեւ Փաշինյան-Թրյուդո հանդիպմանը։ Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերութունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Նրանք կարեւորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը եւ վստահություն են հայտնել, որ Երեւանում դեսպանատան գործունեությունը նոր թափ կհաղորդի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:
«Ջասթին Թրյուդոն հայտնել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը` նպաստելու մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր»,- ասվում էր ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ: Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին նաեւ ներկայացրել է. «Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ»:
Կանադայի վարչապետը գագաթաժողովին ընդառաջ Թվիթերում գրել էր, որ մյուս առաջնորդների հետ իր հանդիպումների ընթացքում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերից բացի, քննարկելու է նաեւ Ռուսաստանի պատերազմի հետեւանքները սննդի եւ էներգետիկ անվտանգության վրա։
Փաշինյանը Թունիսում փոխանցեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահությունը, այն տեղի ունեցավ ՀՀ վարչապետի եւ Թունիսի նախագահի ձեռքսեղման խորհրդանշական արարողությամբ:
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում պաշտոնական Երեւանի կողմի հայտարարությունները, ինչպես նաեւ երկկողմ հանդիպումներում գնահատականները, Բաքվում ծանր ընդունեցին… Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրեց Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը որպես «իր արտաքին քաղաքականության գործիք օգտագործելու մեջ»՝ հայտարարելով, որ այնտեղ ընդունվելիք փաստաթղթերը կհամարեն «քաղաքականապես կողմնակալ»:
Թունիսում ընթացող գագաթաժողովի շրջանակում կայացած նախարարական հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները կազմակերպության անդամների հակաադրբեջանական դիրքորոշման վերաբերյալ Բաքուն «սադրիչ» է որակել:
Նկատենք, որ ֆրանսախոս տիրույթում ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ բանաձեւի նախագծին անդրադառնալով՝ Միրզոյանը կարեւորել էր, որ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներն ու կառավարությունները համերաշխություն են հայտնել Հայաստանին՝ իրենցը դարձնելով այն հիմնական խնդիրները, որոնք պայմանավորում են կողմերի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորումը։ Նա նաեւ շեշտել էր, որ այդ հայտարարության՝ Հայաստանին վերաբերող պարբերությունները շատ հավասարակշռված են եւ փոխզիջումների արդյունք են հանդիսանում, որոնց ուղղությամբ Հայաստանը ջանքեր է գործադրել։ Ադրբեջանի ԱԳ նախարարության ձեւակերպմամբ՝ փաստաթղթի վերջնական տարբերակը պարունակում է որոշակի տարրեր, որոնք «կազմակերպության մանդատի իրավասության ներքո չեն», եւ որը իբր «Հայաստանը կարող է օգտագործել քաղաքական քարոզչություն իրականացնելու համար»: Պաշտոնական Բաքուն կրկին մեղադրել է Ֆրանսիային, այս անգամ էլ նշյալ փաստաթղթի համակարգման գործընթացում իբր՝ «քաղաքական ճնշում գործադրելու» մեջ:
Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում նոյեմբերի 20֊ին ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձեւը, որով անդամ-երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխություն են հայտնում Հայաստանին։ Բանաձեւը, մասնավորապես, համերաշխությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանի հետ եւ այս համատեքստում խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի (Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի), հատկապես դրա հետեւանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։
Կազմակերպությունը քաջալերում է կողմերին, միջազգային գործընկերների հետ համատեղ, խնդիրների բանակցված, խաղաղ եւ տեւական կարգավորման ուղղությամբ առավելագույն ջանքերը գործադրել՝ հարգելով միջազգային իրավունքի, ներառյալ՝ տարածքային ամբողջականության եւ միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքները՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ կոչ է անում խստորեն հարգել հրադադարը։ Բանաձեւն ընդգծում է նոր էսկալացիայից խուսափելու կարեւորությունը եւ կոչ անում լիարժեք իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը եւ ողջունում գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման ուղղությամբ։
Բանաձեւում անդրադարձ կա նաեւ հումանիտար խնդիրներին։ Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում լուծում չստացած հումանիտար խնդիրների առնչությամբ, մասնավորապես ռազմագերիների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։ ՖՄԿ-ն նաեւ մտահոգություն է հայտնում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ եւ աջակցություն ցուցաբերում Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը։
Ֆրանկոֆոնիայի Ջերբայի հռչակագրով կազմակերպության անդամ-երկրները շնորհակալություն են հայտնում Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը վերջին չորս տարիների ընթացքում նախագահելու համար եւ հայտնում են իրենց համերաշխություն Հայաստանին այն անվտանգային մարտահրավերների համատեքստում, որոնց երկիրն առերեսվում է։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.11.2022