Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն, հոկտեմբերի 27-ին ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունից ստացվել է Ս. Ե.-ի դիմումն այն մասին, որ Գառնահովիտ գյուղում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասին կից գտնվում է իր պապի կողմից կառուցված անասնագոմը, սակայն որոշ շահագրգիռ անձանց միջնորդությամբ գույքի պետական գրանցման ժամանակ գնահատվել է առանձին միավոր, կադաստրի կոմիտեում պետական գրանցում չի ստացել:
Սակայն համայնքի տնտեսական գրքում գրանցված է որպես հանգուցյալ Շ. Մ.-ի սեփականություն: Դիմումի հիման վրա կատարված ստուգողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ առաջին պետական գրանցման ժամանակ Գառնահովիտ համայնքի նախկին ղեկավար Ա. Գ.-ն չարաշահելով պաշտոնեական դիրքը: Վերջինս առանց հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության նշված անասնագոմը հաշվառել է հանգուցյալ Շ. Մ.-ի անվամբ, սակայն հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կադաստրի կոմիտեի կողմից չի իրականացվել ձեռք բերման վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր ներկայացված չլինելու պատճառով:
Որից հետո, Ա.Գ.-ն չարաշահելով պաշտոնական դիրքը առանց հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության 2016 թվականին որոշում է կայացրել եւ նշված անասնագոմի սեփականատեր է ճանաչել Ա. Մ.-ին: Իսկ 2017 թվականին հուլիսի 3-ին նույն համայնքի նախկին ղեկավար Հ. Թ.-ն չարաշահելով պաշտոնական դիրքը հիմք ընդունելով Հ. Թ.-ի վերոհիշյալ անասնագոմը առանց հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության դիտարկել է որպես Զ. Մ.-ի կողմից կառուցված:
Նա որոշում է կայացրել այն օրինականացնելու վերաբերյալ, ըստ որի ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: Զ.Մ.-ին պատկանող անշարժ գույքը ժառանգություն ընդունելու նպատակով Հ. Թ.-ն դիմել է ՀՀ ԱՆ Թալինի նոտարական տարածք եւ նոտար Գ. Մ.-ի կողմից կազմված եւ վավերացված ըստ ժառանգության իրավունքի վկայագրի վերոհիշյալ անասնագոմի նկատմամբ իրավունքները փոխանցել է Հ. Թ.-ին: Սակայն տրամադրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա կադաստրի կոմիտեի կողմից անասնագոմի նկատմամբ իրավունքի պետական գրանցում չի կատարվել ձեռք բերման վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր ներկայացված չլինելու պատճառով:
Կարդացեք նաև
Բացի այդ, պարզվել է նաեւ, որ վերոհիշյալ համայնքի ղեկավարները նշված անասնագոմի վերաբերյալ կազմված փաստաթղթերում անասնագոմի հասցեն նշել են գյուղ Գառնահովիտ փ.,13, 1-ին փկղ. տ.1, այն դեպքում երբ նման հասցե գոյություն չունի: Պարզվել է նաեւ, որ սեփականության իրավունքը վերականգնելու եւ անասնագոմը իր անվամբ սեփականաշնորհելու համար կադաստրային վճարումներ կատարելու պատրվակով համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2013 թվականին Ս.Ե.-ից պահանջել եւ ստացել է 50.000 գումար, սակայն գումարը ստանալուց հետո անասնագոմը Ս. Ե.-ի անվամբ չի սեփականաշնորհել, գումարն էլ չի վերադարձրել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: