Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա որևէ մերձավանցի, ում ես խանգարում եմ և նա չի ցանկանա, որ ես աշխատեմ․ Վալոդյա Գրիգորյանը՝ իր դեմ եղած մեղադրանքների մասին

Նոյեմբեր 23,2022 21:12

«Ոչ ոքի մոտ խնդիր չկա: Չորս կազմակերպություն կա, բոլորն էլ ունեն հանքարդյունաբերությամբ զբաղվելու իրավունքներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանը՝ անդրադառնալով Մերձավան եւ Փարաքար վարչական շրջանների բնակիչների բողոքին:

Հիշեցնենք, օրերս Փարաքար համայնքի նշյալ բնակավայրերի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ահազանգելով, իբր անօրինական շահագործվող հանքերի մասին: Մինչ այդ, նրանք դիմել են նաեւ մարզպետարան, համապատասխան հանձնաժողով է կազմվել, ուսումնասիրություններ են իրականացվել ու բողոքն անպատասխան է մնացել: Խոսքը «Էջմիածին Շինանյութ» ԲԲԸ-ի, «Օստ Շին» շինարարական ընկերության, «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ի և «Մեգա Շին» ՍՊԸ-ի մասին է։ Վերջինիս սեփականատերը Մերձավան համայնքի նախկին ղեկավարի որդի, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վալոդյա Գրիգորյանն է։ Ըստ բնակիչների, ներքին պայմանավորվածությամբ, «Մեգա Շին» ՍՊԸ-ն սնանկ ճանաչված «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ից իրացնում է քարեր։ Բնակիչները պնդում են, որ նշյալ հանքերում նաեւ տարածքային խախտումներ կան։

Վալոդյա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նախկինում եղել է հանքի սեփականատերն ու տնօրենը, այնուհետև, երբ առաջադրվել է խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում, այլևս բիզնեսով չի զբաղվել, հանձնել է կառավարման: Ու մանրամասնեց, որ «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ն այդ տարածքում հանքավայր չունի, ունի քարաջարդիչ՝ նախագծով, տեղանքով, բնապահպանական փորձաքննություն անցած. «Ամեն ինչ անցել է օրենքի շրջանակներում:

«Վալոդյա Գրիգորյանը» ՍՊԸ-ն  նաև Երևանում ունի երկու հանքավայր, որտեղից իր արդյունահանած քարը տեղափոխվում է Մերձավան: Այդ կազմակերպությունն ինձ հետ կապ չունի, ես ո՛չ տնօրեն եմ եղել, ո՛չ սեփականատեր: Դա շինարարական կազմակերպություն է, որը տեղափոխում է քարեր, որոնք ես իմ տեխնիկայով մանրացնում եմ և վաճառում իրենց, նրանք դա ինձնից գնում են: Ես նաև իմ հումքն եմ վաճառում իրենց: Բնավճարները վճարված են: «Մեգաշին ՍՊԸ»-ն իրավունք ստացավ նաև իր փորած կատլավանի գույքը բերել տեղամաս, դրանից ստանալ հումք, հետո դա օգտագործել իրենց շինարարությունների մեջ: Իսկ հիմա լուրեր են շրջանառում, իբր ես սնանկ ճանաչված «Շեն հոլդինգի» բազալտը գիշերով տանում եմ, չգիտեմ ինչ եմ անում, մինչդեռ «Շեն հոլդինգն» ընդհանրապես բազալտի հանքավայր չունի, «Շեն հոլդինգինը» գիպսի հանքավայր է»:

Դիտարկմանը՝ ըստ մամուլի հրապարակումների, մարզպետարանում հանձնաժողով է ստեղծվել, որը ստուգումներ է իրականացրել, իսկ հայտնաբերված խախտումների մասին հայտնվել է իրավապահ մարմիններին, մարզպետն էլ հաստատել է այդ փաստը՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե ինչո՞ւ իրավապահները քայլեր չեն ձեռնարկում, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ես գիտեմ, որ ստուգել ու տեսել են, որ ամեն ինչ նորմալ է, իրավապահների հետ կապված ոչ մի խնդիր չկա»:

Ի դեպ, մամուլում նաեւ հրապարակումներ եղան, որ տեղի բնակիչները դժգոհել են հանքի փոշուց: Վալոդյա Գրիգորյանը սա առնվազն զավեշտ է համարում, նախ այն պատճառով, որ տվյալ տարածքը բնակավայրից 350 մ հեռավորության վրա է, ու մինչ օրս որեւէ բողոք չեն լսել. «Փնտրել ենք, բայց նման մարդ՝ Սամվելը, գոյություն չունի, չենք գտել: Չկա որևէ մերձավանցի, ում ես խանգարում եմ և նա չի ցանկանա, որ ես աշխատեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930