Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Գյումրիում ծառի վրա միտինգ արած ու ինքնահրկիզված երիտասարդը

Նոյեմբեր 23,2022 21:03

Երեկ երեկոյան Գյումրու Թատերական հրապարակում ինքնահրկիզված երիտասարդի վիճակը կայուն ծանր է։

Նրան Գյումրի բժշկական կենտրոնում բուժօգնություն ցուցաբերելուց ու վիճակը փոքր-ինչ կայունացնելուց հետո գիշերը՝ ժամը 12․30-ին, տեղափոխել էին մայրաքաղաք՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Գյումրի ԲԿ-ից մեզ նաև փոխանցեցին, որ իրենք պարբերաբար հետաքրքրվում են․ նրա վիճակը կայուն ծանր է։

Թե ո՞վ է ինքնահրկիզված երիտասարդը, մեզ հաջողվեց պարզել, որ նա իրոք սուտ չէր խոսում՝ հայտարարելով, որ Եվրոպան թողել ու վերադարձել է  հայրենիք։ Նրա բառերով՝ եկել է հայրենիքի փրկության համար։

Մենք պարզեցինք, որ նա 34-ամյա Արսեն Ա․-ն է (ի դեպ, նա կեղծ տվյալներ էր ներկայացրել ոստիկաններին, իսկական ազգանունը չէր ասել), բնակվում է Գյումրու Տեքստիլագործների թաղամասում։

Հարևաններից ճշտեցինք, որ Արսենը 15 տարուց ավել ծնողների հետ տեղափոխվել էր Եվրոպա՝ բնակության, ավելի կոնկրետ Գերմանիա, սակայն 3-4 ամիս է՝ վերադարձել է հայրենիք։

«Եկել էր մոր հետ, մայրը գնաց, իսկ ինքը մնաց, այժմ բնակվում է միայնակ»,- ասաց հարևաններից մեկը։

Հարևաններն ասում են, որ նրան հաճախակի չեն տեսել շենքում, տեսնելիս էլ բարևել-անցել են․ վերջինս զրույցի չի բռնվել, սակայն միաժամանակ նշում են, որ խելացի, մտահոգ քաղաքացի է։

Նրան ճանաչողների բնութագրմամբ՝ Արսենը միշտ մտածել է հանդիպել Հայաստանի առանցքային իշխանավորների հետ, որոնց կներկայացներ հայրենիքը փրկելու իր տեսլականը, իսկ նրանք հաշվի կնստեին, կօգտագործեին իրենց լծակները, ու պետությունը կփրկվեր, պատերազմ չէր լինի։

«Ինքը վերլուծական միտք ունեցող տղա է, հավատքը խառնել է հայրենասիրության հետ ու շատ խորացել այդ ուղղությամբ։ Նա առաջարկներ ունի, ուզում է, որ իր հետ լուրջ քննարկման նստեն ու իրեն լսեն, ոչ թե ասեն՝ խփնվա՞ծ ես, էս ինչեր ես խոսում։ Ինքն ասում է, որ աշխարհին, հայրենիքին վտանգ է սպառնում, եկեք խելք խելքի տանք, փրկվենք, մեղք են։

Նա մտքեր ունի, որոնք ուզում է բացատրել, զգում է, որ վտանգ կա, ուզում է իրեն հավատան, հասկանան ու գործով կանխեն այդ վտանգը։ Հետևում է աշխարհաքաղաքական բոլոր զարգացումներին։

Ինքն այն համոզմանն է, որ հավատքի միջոցով կարելի է աշխարհը փրկել կործանումից, իսկ միասնականության շնորհիվ՝ մեր հայրենիքը փրկել։ Ես այդպիսի տպավորություն են ստացել նրա խոսքերից»,-ասաց նրան ճանաչողներից մեկը։ Արսենը կրթված երիտասարդ է, սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, հաճախել է Արմաթ ինժեներական լաբորատորիա։

Թե ո՞վ նրան համոզեց ու վայր իջեցրեց ծառից, ո՞վ էր իր այդ ընկերը կամ ծանոթը, որի խոսքերն անմիջապես ազդեցություն ունեցան նրա վրա, նրա խնդրանքով չենք հրապարակի անուն-ազգանունը, սակայն կնշենք, որ վերջինս Գյումրու իշխանության ներկայացուցիչ է։

Ինչպես նշեցինք, երիտասարդն իր տվյալները կեղծել էր, սակայն  ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել էին նրա ով լինելը, տեղյակ էին պահել մորաքրոջը, ընկերներից մեկին։

Ընկերը, գալով Թատրոնի բակ ու տեսնելով Արսենին եղևնու վրա, 10 րոպեանոց զրույց է ունեցել, համոզել, որից հետո վերջինս վայր է իջել։

Ընկերն ասել է․ «Մենք քո բարձրաձայնած թեմայի շուրջ կարճ զրույց ունեցել եք չէ՞, դա էն մակարդակի խոսակցությո՞ւն է, որ դու ծառի վրա մնաս, ես՝ գետնի ու բղավելով իրար հետ խոսենք։ Իջի՛ ներքև, այն մարդկանց, որոնց հետ քննարկում ես ուզում, հրավիրենք, նկարահանող խմբերին էլ խնդրենք քեզ ուղիղ եթերի հնարավորություն տան»։

Երիտասարդն առանց առարկելու ծառից իջել է ներքև ու անմիջապես աննկատ իր վրա բենզին է լցրել ( պարզվում է նրա մոտ թույն չէր, այլ բենզին) և իր մոտ եղած կրակայրիչով կատարել ինքնահրկիզում, որը մարվել է ոստիկանության, ԱԻՆ ծառայողների և քաղաքացիների օգնությամբ:

Նրան «գլխի, պարանոցի, կրծքավանդակի զույգ վերին վերջույթների այրվածք, այրվածքային շոկ, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի մինչև 30-40 տոկոս ախտահարում» ախտորոշմամբ տեղափոխվել էին «Գյումրի» Բ/Կ:

Մեր տեղեկություններով, ոստիկանության կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, իսկ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական ստուգում։

Հիշեցնենք, որ երեկ կեսօրին՝ ժամը 13․30-ից սկսած մինչև ուշ երեկո գյումրեցիները՝ ոստիկաններ, հոգևորականներ, փրկարարներ, ԱԱԾ աշխատակիցներ, լրագրողներ, քաղաքացիներ Գյումրու Թատերական հրապարակի եղևնիներից մեկի վրա բարձրացած ու ինքնասպանության սպառնալիքներ հնչեցնող  երիտասարդին համոզում էին չգնալ այդ քայլին, վայր իջնել, մարդավարի իր գաղափարները տարածել:

Երիտասարդը ծառն էր բարձրացել բարձրախոսով, շղթայով ու թույնով, որպեսզի հարկ եղած դեպքում ինքնասպանություն գործի, խոսում էր հայրենասիրությունից, հավատքից, թասիբը կորցնելուց ու ստամոքսային ազգի վերածվելուց։ Նա շեշտում էր, որ ինքը նորմալ վիճակում է, գիտակցում է՝ ինչ է խոսում։

Վերջինս անընդմեջ պահանջում էր, որ իր մոտ գա Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։ Սրբազանի փոխարեն եկավ այլ հոգևորական, սակայն երիտասարդը նրա հետ երկխոսության մեջ չմտավ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930