Լրահոս
Օրվա լրահոսը

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում առաջարկվել են նոր կանոններ

Նոյեմբեր 23,2022 20:55

Առաջարկվում է հնարավորինս կրճատել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շրջանակը՝ դրանով հարկման այս արտոնյալ համակարգը դարձնել էլ ավելի թիրախային: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ Արման Պողոսյանի՝ միկրոձեռնարկատիրության մասով սահմանված հարկային կարգավորումների գործնական կիրառության ընթացքում պարզվել է, որ համակարգից օգտվում են ոչ միայն բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող եւ ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտները, այլեւ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք եկամուտներ են ստանում այլ տնտեսավարող սուբյեկտներից: Հիմնական զեկուցողի խոսքով միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի այսպիսի արհեստական ընդլայնմանը նպաստում է նաեւ այն, որ հարկման այս համակարգի շրջանակում հարկումից ազատված են ոչ միայն ձեռնարկատիրական եկամուտները, այլեւ պասիվ եկամուտները, իսկ ֆիզիկական անձանց վճարվող աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվում է ամսական ընդամենը 5 հազար դրամի չափով՝ անկախ վճարվող աշխատավարձի մեծությունից:

Կառավարությունն առաջարկում է աշխատավարձ տեսակի եկամուտների հարկման համար ձեւավորել հավասար, արդար կանոններ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն իրենց վարձու աշխատողների համար եկամտային հարկը կհաշվարկեն համակարգերում գործող մյուս գործատուների համար սահմանված կանոններով:

Առաջարկվել է նաեւ սահմանել, որ պասիվ եկամուտներ ստացողները չեն կարող լինել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խնդրանքով Արման Պողոսյանը ներկայացրել է վիճակագրությունը համակարգում: Միկրոձեռնարկատիրության շուրջ 50.000 սուբյեկտներ ունեն մոտ 35.000 վարձու աշխատող: Նա ընդգծել է, որ պարզունակ գործունեության տեսակներով զբաղվող անձանց համար նոր պարտականություններ չեն սահմանվի:

Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նախաձեռնության ռիսկային գործոններին, նշվել է, որ վարձու աշխատողները 20 տոկոս եկամտային հարկ վճարելու փոխարեն կարող են դառնալ ինքնուրույն ձեռնարկատիրության միավորներ: Արման Պողոսյանը, տեղեկացնելով, որ իսկապես առկա են ռիսկային գործոններ, այնուամենայնիվ, նշել է, որ կան նաեւ հակակշիռ, զսպող հանգամանքներ:

«Ցանկանում ենք, որ համակարգը լինի հասցեավորված, իր առջեւ դրված խնդիրները լուծող համակարգ»,- ասել է ֆինանսների նախարարի տեղակալը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում քննարկված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930