Այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով, ինչպես նաեւ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի, բողոքի ցույց էր կազմակերպվել Ազատության հրապարակում:
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանն ասաց, որ ՀՀ ինքնիշխանությունը հարգող քաղաքացիները պետք է կազմակերպեն ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը ու դրա մեկնարկը տվել են այսօր. «Ամեն մի օրը, որ ուշացնում ենք, դա նշանակում է, որ մենք ուշացնում ենք ՀՀ սպառազինվելը:
Մենք մնալու ենք միայնակ: Վերջին շրջանում ժողովրդավարական երկրները իրենց համերաշխությունն են հայտնում Հայաստանի ազատագրմանը, ՀՀ անկախությանը եւ այս կառավարությունը, եթե կարծում է, որ խուսանավելու է մի հատ Մոսկվա թռնելով, կամ իրենց այստեղ հրավիրելով՝ այդպես չի լինելու: Պետք է հստակեցնել: Մեզ համար է դա վտանգավոր»:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ոստիկանները բերման էին ենթարկել Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին, ինչպես նաեւ կուսակցության անդամ Ներսես Զեյնալվանդյանին:
Վերջինիս կարճ ժամանակ անց ազատ էին արձակել ու հասցրել էր գալ հավաքի: Նա հայտարարեց. «Նոր վերադարձա ոստիկանության Էրեբունու բաժնից: Նրանց երեւի պատրվակ էր պետք: Մեր տեխնիկան այնտեղ է՝ բարձրախոսներով, դրոշներով: Խզմալյանի բարեւներն եմ փոխանցում ձեզ: ՀԱՊԿ-ը մեռելածին է, հայ ժողովուրդը հասկանում էր դա, ժամանակ էր պետք, որ հայ ժողովրդի աչքերը բացվի: 2020-ի պատերազմից հետո հայ ժողովրդի ստվար հատված հասկացավ, որ ՀԱՊԿ-ը գործիք է՝ իր ազդեցությունը մեծացնելու այն տարածքներում, որոնք համարում է իր գաղութը: Հայ ժողովուրդը երբեք չի համակերպվել դրա հետ: ՀԱՊԿ-ը եղել է կապանք, որ հայ ժողովուրդը չկարողանա տեր կանգնել իր ինքնությանը ու համագործակցել այլ երկրների հետ»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ ասաց. «Մարդամեկը մտել է կողքի երկիր, ցեղասպանություն է անում, նմա՞ն է մի բանի, մեր պատմության մեջ նման բան չե՞ք հիշում: Մտել ու ոչնչացնում է մի պետություն, ինչ է թե իր անձնական ամբիցիաները բավարարի: Հիմա Ալիեւի բարեկամները եկել են Երեւան, 6 արյունակից եղբայրներ եկել են՝ մեզ ամոթանքի մեջ դնելով: Հասկանում ենք, որ մեր երկիրը ծեծված, հյուծված է, բայց մենք նվաստացած չպետք է լինենք: Ալիեւի հատկապես այն երկու ախպերները՝ Վալոդն ու Լուկաշենկոն ի՞նչ գործ ունեն Հայաստանում, պարո՛ն Փաշինյան, մեր հպարտ վարչապետ, ի՞նչ գործ ունեն դրանք այստեղ: Հիշո՞ւմ եք, որ այս տարվա հունվարի 6-ին պարոն Փաշինյանը փորձեց ՀԱՊԿ-ն աշխատեցնել, ես այդ ռեպլիկները լավ մտապահում եմ՝ փորձենք աշխատեցնենք:
Ի՞նչ էիր ուզում ապացուցել, լավ, էդ գելերին ու գազաններին ուզում էիր համոզեիր, որ մեզ օգնե՞ն: Քանի՞ անգամ պետք է դրանց ուխտադրուժ դիրքին ու վարքին ռաստ գանք, որ համոզվեք, որ ՀԱՊԿ-ը Վալոդի պրոյեկտ է՝ կայսրության վերականգնման: Ուզում է վերականգնել այդ փառահեղ կայսրությունը, այն էլ՝ Սովետի տեսքով: Վայ հողերս այդ խելքի վրա: Հիմա Հայաստանը դառնում է դրանց հանդիպումների տեղ ու տարածք: Դիվանագիտության մեջ հազար ու մի հնարք կա այդ հանդիպումները քշելու այստեղից հեռու: Գնացեք ուրիշ տեղ հանդիպեք, մեր սահմաններում վտանգ կա, ամեն րոպե կարող են ռմբակոծել, ո՞ւր եք գալիս, Վալո՛դ, ո՞ւր ես գալիս ստեղ, Լուկաշենկո, ո՞ւր ես գալիս: Վարչապետը մտածում էր, թե՝ ՀԱՊԿ-ը կարող է աշխատեցնել, այն էլ՝ Հայաստանի օգտին, լավ, այդքան միամիտ լինո՞ւմ են, ձե՞ռ եք առել մեզ: Բերել, կերակրել, ինչի՞ պիտի մեր հարկերից դրանք կերակրվեն, շուն կշտացնելու համար հո չե՞նք մենք, էդ փողը ծախսելու տեղ չկա՞, որ բերել տեղավորում եք, փողոցներ եք փակում եւ այլն: ՀԱՊԿ-ը չի աշխատելու: Մեր ինչի՞ն եք պետք, ո՞ր գազի տրուբին եք պետք, եթե դուք ձեր պարտականությունը չպիտի կատարեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ