Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը վերադարձնել տնտեսվարողներին

Նոյեմբեր 23,2022 20:35

Հայաստան ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները մեր երկրից վերարտահանելու փուլում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը գործող կարգավորումներով չի վերադարձվում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի պնդմամբ ակցիզային հարկը սպառման հարկ է եւ պետք է վճարվի այն երկրում, որտեղ սպառվում են այդ ապրանքները: Նրա խոսքով, եթե այդ ապրանքները մեր երկրում չեն սպառվում, ապա արդար չէ, երբ այդ հարկը՝ որպես ներմուծման հարկ, պահվում է մեր բյուջեում: Առաջարկվում է նման դեպքերում Կառավարությանն ակցիզային հարկը վերադարձնելու իրավասություն վերապահել:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է հումքի ներմուծմանը, երբ վերամշակմամբ ստացվում է ապրանք եւ վերարտահանվում: Այս դեպքում եւս առաջարկվում է ապրանքներն ազատել ակցիզային հարկից:

Ի պատասխան հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցի՝ փոխնախարարը պարզաբանել է, որ կարգավորումը նախատեսվել է ակցիզային հարկով հարկվող բոլոր ապրանքների համար՝ Կառավարության սահմանած կարգով, դեպքերում եւ չափով: Այսինքն՝ ապրանքով պայմանավորված՝ սահմանված չափը կարող է տարբեր լինել:

Հարկային օրենսգրքում Կառավարության առաջարկած փոփոխություններն ու լրացումները քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում:

Բաբկեն Թունյանի գնահատմամբ քննարկվող կարգավորման ընդունումից շահելու է ե՛ւ պետությունը, ե՛ւ տնտեսվարողը:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930