Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ իր տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

Նոյեմբեր 23,2022 20:00

«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի կողմից իր տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում  փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հասարակական կազմակերպության համար 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված, ՀՀ պետական բյուջեից հատկացված և իրեն վստահված ընդհանուր 13.007.200 ՀՀ դրամի` չծախսված մասը, ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու դիտավորությամբ, հափշտակել է:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ հիշյալ հասարակական կազմակերպության նախագահը 2020 թվականի հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային  միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացրել է գումար:

Սակայն կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կորոնավիրուսային համավարակի պատճառով 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված միջոցառումների մի մասի չեղարկվելուց հետո, միջոցառումների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացված և կազմակերպությանը փոխանցված 13.007.200 ՀՀ դրամ գումարից 1.050.000 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող հաշվետվություն, թե իբր 1.050.000 ՀՀ դրամ գումար ծախսել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ գեղասահքի հավաքական թիմի մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման նպատակով՝ արդյունքում հափշտակելով 1.050.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպության նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, ինչպես նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածին: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում կասեցնելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930