Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Արթուր Թովմասյան. «Պետք է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեր՝ ապահովելով յուրաքանչյուր քաղաքացու ձայնի իրավունքը»

Նոյեմբեր 23,2022 19:35

Գումարվել է ԱՀ Ազգային ժողովի  հերթական նիստը

Նոյեմբերի 23-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստը:

Նախքան նիստի օրակարգի հարցերի հաստատմանը՝ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ է հանդես եկել ՝պայմանավորված նոյեմբերի 18-ին ԱԺ պատգամավորներ Դավիթ Գալստյանի և Արշակ Գրիգորյանի միջև տեղի ունեցած միջադեպով:

28 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը ընդգրկվել է ընթացիկ նիստի օրակարգում:

Հաջորդիվ խորհրդարանն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:

Առաջին հարցը ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցն էր: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը պալատի անդամի պաշտոնում ներկայացրել է Միքայել Հենրիկի Մուսայելյանի թեկնածությունը:

Թեկնածուի մասնագիտական գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը լսելուց և պարզաբանումներ ստանալուց հետո, խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության: Ամփոփելով գաղտնի քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ էդուարդ Աղաբեկյանը նշել է, որ թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 28 պատգամավոր: Քվեարկության արդյունքներով ԱԺ նախագահը հրապարակել է հետևյալ որոշումը.

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 9-րդ մասով Ազգային ժողովը որոշում է Միքայել Հենրիկի Մուսայելյանին ընտրել Հաշվեքննիչ պալատի անդամ 6 տարի ժամկետով»:

Կեսօրին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին 14 պատգամավորի կողմից հարցեր են ուղղվել հանրապետության նախագահին, պետական նախարարին, նախարարներին ու նախարարների պաշտոնակատարներին:

Ամենաշրջանառվող թեման Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանումն էր  օրակարգից: Մեկնաբանելով այն՝ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է,որ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը իրենն էր ու պայմանավորված էր «ամեն-ինչ կենտրոնացված է մի մարդու ձեռքում» շահարկվող դրույթի չեզոքացմամբ: Սակայն հաշվի առնելով  հանրության լայն շրջանակներում առկա տրամադրությունները ու կարևորելով ներքին համերաշխությունը,  երկրի ղեկավարը  որոշել է առայժմ ձեռնպահ մնալ Սահմանադրական փոփոխություններից:

ԱԺ նախագահ  Արթուր Թովմասյանը տեսակետ է հայտնել առ այն, որ, այնուամենայնիվ, պետք է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեր՝ ապահովելով յուրաքանչյուր քաղաքացու ձայնի իրավունքը:

Ի թիվս այլ հարցերի՝ նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև բյուջեի դեֆիցիտի մասին հարցին: Նա նշել է, որ սոցիալական ծրագրերում ու շինարարության մեջ պլանավորածից ավել է ծախսվել, ինչը, սակայն, չի խանգարելու մինչև տարեվերջ սոցվճարներն իրականացնելուն: Մինչև տարեվերջ կփորձեն կարգավորել նաև շինարարական կազմակերպությունների պարտքի հարցը:

Հայաստանում տեղահանված բնակչությունը չի կարողանում օգտվել  տրամադրված  սերտիֆիկատից՝ պատգամավորական հարցադրմանն ի պատասխան երկրի ղեկավարն ասել է, որ հարցը կքննարկվի ՀՀ իշխանությունների ու բանկային համակարգի հետ:

Խորհրդարանականների կողմից բարձրացվեցին այլ հարցեր ևս: Դրանք վերաբերում էին գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությանը, բանկերի պարտավորություններին, ուսման վարձավճարների փոխհատուցմանը և այլն:

Առաջին անգամ պետական նախարարի պաշտոնում  նիստին ներկա  Ռուբեն Վարդանյանը ողջունել է խորհրդարանականներին ու արդյունավետ աշխատանքի վստահություն հայտնել:

 Հարց ու պատասխանից հետո  խորհրդարանն անցել է օրենսդրական նախաձեռնություններին:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նախապես քննարկվել և հավանության էր արժանացել գլխադասային հանձնաժողովի կողմից:

Նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես է եկել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին,ընդգծելով, սակայն, որ այն կատարելագործելու անհրաժեշտություն ունի: 25 կողմ ձայնով խորհրդարանն այն ընդունել է որպես օրենք:

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ  մտքերի փոխանակությամբ հանդես է եկել պատգամավոր  Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով  օրինագծի հետ կապված իր անհամաձայնությունները: Նախագիծը 18 կողմ, 3 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է որպես օրենք:

««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ընդունվել է միաձայն:

Խորհրդարանի 1-ին ընթերցմանը ներկայացված «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ընդունվել է 26 կողմ ձայնով:

««Շահումով խաղերի և խաղատների մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթին  և «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին խորհրդարանականները քվեարկել են  27 կողմ ձայնով :

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում պատգամավորները համաձայնության չեն եկել:

Նիստի վերջում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Վահրամ Բալայանը և Արթուր Մոսիյանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930