Այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով, ինչպես նաեւ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի, բողոքի ցույց էր կազմակերպվել Ազատության հրապարակում:
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանն ասաց. «Շատ հաճախ մարդիկ վախ են տարածում, ասում են՝ ՀԱՊԿ-ից որ դուրս եկաք, բա ի՞նչ եք անելու: Բացի նրանից, որ մեր վրից էլ վատ հոտ չի գա, ասեմ, որ կան երկրներ, ում մենք այսօր պետք է հիշատակենք եւ շնորհակալություն հայտնենք, առաջին հերթին՝ Ֆրանսիային, երկիր, որը հազարամյակներով մեր կողքն է կանգնած, ի տարբերություն սուտլիկ ՌԴ-ի: Ֆրանսիան մեր կողքին է միշտ, այդպես է ու այդպես լինելու է: Ֆրանսիայի նախագահի սեղանին դրված է թե՛ Արցախի ճանաչման օրինագծի սեւագիրը, թե՛ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման նախագիծը: Մենք առնվազն մի երկիր ունենք մեր կողքին, ով միջուկային զենքով կարող է հակակշիռ լինել ՌԴ-ին: Երկրորդը՝ ԱՄՆ-ն է ու այս երկու երկրերի հետ մենք կարող եք նորմալ զարգացող տնտեսություն ունենալ ու ուժեղացնել մեր բանակի հիմքը»:
Կարդացեք նաև
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, երբ ելույթ պիտի ունենար, հավաքված հանրությունը պահանջում էր՝ «մի հատ Պուտինին տեղը դիր, ոնց որ պետքն է»: Իսկ Մեհրաբյանը հայտարարեց. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկու օր առաջ գլուխ էր գովում, թե Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի ՀԱՊԿ-ում, քան Հայաստանը: Ալիեւը գլուխը պատին է տվել, Ալիեւը սխալվում է, իսկ սխալը հետեւյալն է՝ Հայաստանն ընդհանրապես որեւէ բարեկամ չունի եւ չի կարող ունենալ ՀԱՊԿ-ում, ոչ թե ավելի շատ ունի, կամ ավելի քիչ՝ այլ՝ 0: Այս մարդիկ, շատ լավ իմանալով հայկական հյուրասիրության, հյուրերին ընդունելուց փափուկ երես ունենալու մասին, եկել են Երեւան՝ ինչ-որ ճոխ-ճոխ քննարկումների՝ ՊՆ նախարարների, ԱԳ նախարարների քննարկում, հետո՝ պետության ղեկավարների:
Քննարկում են՝ քննարկելու մասին, թե ինչպես հետագա կատարելագործեն՝ հետագա կատարելագործումը: Այս դատարկախոսությունը, որով քողարկվում է դավադրությունն ընդդեմ Հայաստանի ու որի հեղինակը, ռեժիսորը, ճարտարապետը եւ շահառուն մեկ մարդ է: Այդ մարդը Կրեմլը բռնազավթած չեկիստ ստահակն է, որը ծարավ է հայ ժողովրդի արյանը, պարազիտացել է հայ ժողովրդի գրպանի հաշվին ու եկել են հայ ժողովրդի հաշվին լափեն՝ առանց իմաստի: Սեպտեմբերի 13-ին, երբ ՀՀ-ն 7 ուղղություններից հարձակման ենթարկվեց, այդ մեր հաշվին ուտողներից ու խմողներից որեւէ մեկը որեւէ բառ չասեց, որ Հայաստանի վրա հարձակում է գործել Ադրբեջանը: Մինչ օրս չեն ասել, այդ թվում եւ Երեւանում գտնվելով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ամենայն ՀԱՊԿ-ի Լեոպոլդ կատուն պարզ սովետից մնացուկ է, նա ասելիք չունի եւ չի կարող ունենալ: Այս ամենը մեզ վաղուց է բերել այն մտքին, որ այստեղ մենք անելիք չունենք ու որքան շուտ այս աղբակույտը մաքրենք մեր կողքերից, այնքան ավելի լավ: Մենք ստանալիք այդտեղից չունենք ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական առումով: Մեր՝ այդտեղ գտնվելը տեսնում ենք որպես գլխավոր սպառնալիք ՀՀ-ին: Այդ կոլխոզնիկը, որին պետք է արժանին մատուցենք իր անկեղծության համար, պարզ բան ասեց՝ «Ալիեւը մեր մարդն է, ձեր հարցերով մեր գլուխը չտանեք»: Լավ, ասեցին՝ մեկ, երկու, երեք, ինչքա՞ն կարող են մեզ ասել՝ ա՛յ մարդ, մենք ձեր հարցերը ձեր ուզած ձեւով չենք լուծելու, որովհետեւ դա մեր շահերին դեմ է»:
Մեհրաբյանն ասաց, որ երբ մեր հաշվին այս «ուտող-խմողներին» ճամփենք իրենց տները, Հայաստանը պետք է անցնի գործնական քայլերի ու ընդհանրապես ՌԴ-ի հետ ողջ իրավապայմանագրային փաստաթղթերը, բազան պետք է վերանայի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ