Այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով, ինչպես նաեւ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի, բողոքի ցույց էր կազմակերպվել Ազատության հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ելույթում հայտարարեց. «90-ականներից սկսած՝ ինչ ասես, որ չենք տվել ՌԴ-ին տասնամյակներ շարունակ՝ մեր անվտանգության երաշխիքների դիմաց: Երեւի ամբողջ ցանկը թվարկենք, երեկոն կգա, չենք ավարտի՝ է՛լ էներգետիկ ենթակառուցվածքներ, է՛լ երկաթուղի, մոնոպոլիաներ, է՛լ անդամակցություն ԵԱՏՄ-ին, որ մեզ տնտեսապես ձեռնտու չէր: Դա անում էինք այն ակնկալիքով, որ եթե անվտանգության խնդիրներ ունենանք, մենք ինչ-որ բան դրա դիմաց կստանանք: Առնվազն 2022-ի սեպտեմբերի 13-ին եկավ այդ օրը: Ցավոք, եկավ այն օրը, երբ ունեցանք անհրաժեշտություն անվտանգության երաշխիքներ ունենալու: Մենք ստացանք ոչ թե անվտանգություն, ստացանք Ադրբեջանին քաղաքական աջակցություն: Առնվազն Բելառուսն ու ՌԴ-ն աջակցեցին Ադրբեջանին քաղաքականապես դե ֆակտո, մյուս անդամ երկրները առանձնապես ոչինչ չարեցին, ինչն, իհարկե, ավելի լավ է, քան Ադրբեջանին աջակցելը: Այդ պահից սկսած՝ մենք պետք է դուրս գայինք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից: ԵԱՏՄ անդամակցությունը մեր սպառողների վրա ամեն օր ունենում է ազդեցություն: Ամեն օր միլիոնավոր սպառողներ խանութում վճարում են ավելի թանկ գին, որովհետեւ 2013-ին Սերժ Սարգսյանը որոշեց անվտանգության երաշխիքների դիմաց անդամակցել ԵԱՏՄ-ին: Մենք շարունակում ենք վճարել այդ թանկ գինը, շարունակում ենք վճարել այդ տիեզերական բարձր մաքսատուրքերը, որոնցից հավաքագրված գումարները, ինչպես Վահան Քերոբյանը հաստատեց, հավաքագրված գումարների էական մասը փոխանցում ենք ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին, հիմնականում՝ ՌԴ-ին: Մենք վճարում ենք դա նրա համար, որ ՌԴ-ն աջակցի ռազմական ագրեսիայի՞ն, աջակցի մեզ վրա հարձակված պետությա՞նը, որ աջակցի Ջերմուկի, Իշխանասարի, Ներքին Հանդի, մյուս բնակավայրերի ուղղությամբ առաջ եկած Ադրբեջանի՞ն ու անվանի դա սահմանային կոնֆլի՞կտ: Դրա՞ համար ենք մենք ավելի թանկ վճարում խանութներում, դրա համա՞ր ենք մենաշնորհ տվել «Գազպրոմին», դրա՞ համար ենք փոքրացրել Իրան-Հայաստան գազատարի տրամաչափը, դրա՞ համար ենք հրաժարվել Արեւմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններից»:
Իոաննիսյանը բողոքեց, որ այսօր ՌԴ-ի, Բելառուսի նախագահները Հայաստան են եկել. «Պուտինը, Լուկաշենկոն եւ մյուսները ոտք չպիտի դնեին այստեղ այս երկրում: Իրենք, մեղմ ասած, արժանի չեն, որ ՀՀ պաշտոնյաները իրենց օդանավակայանում դիմավորեն, պատվո պահակախմբերով մեր ԶՈՒ-ի, նվագախմբերով ու ուղեկցեն միջոցառման, իրենք, մեղմ ասած, արժանի չեն: Առնվազն Պուտինն ու Լուկաշենկոն արժանի են միայն ազատազրկման այն հանցագործությունների համար, որոնք արել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանի դեմ, Ուկրաինայում, Բելառուսում, ՌԴ-ի ներսում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ