Լրահոս
Օրվա լրահոսը

««Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում բռնության ենթարկված բուժառուին շատ բարձր չափաբաժնով դեղորայք են տալիս, ինչի հետեւանքով նա չի կարողանում խոսել, ողջ օրը քնած է»․փաստաբան

Նոյեմբեր 23,2022 18:14

«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի բուժառուներից մեկի հանդեպ բռնություն է գործադրվել, դեպքի նկատմամբ առողջապահության նախարարությունը անտարբերություն է ցուցաբերում, հովանավորում է կենտրոնի տնօրենին, իսկ իրավապահ մարմինները բազմաթիվ խախտումներով են քննչական գործողություններն իրականացնում։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց տուժողի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արմինե Դավթյանը։ Նա մանրամասներ ներկայացրեց դեպքի մասին։

«Ըստ իմ պաշտպանյալի, նոյեմբերի 10-ին, ժամը 18:00-ի սահմաններում ինքը դաժան ծեծի է ենթարկվել հիվանդապահ Գոռ Անտոնյանի կողմից։ Մինչ այդ, առավոտյան Գոռ Անտոնյանը սպառնացել է հիվանդին։ Երբ հիվանդը խնդրել է հաշտվել, քանի որ միշտ լարված հարաբերություններ են եղել, Գոռ Անտոնյանը բազմիցս է սպառնացել եւ վատ վերաբերվել, սակայն հիվանդապահը չի ցանկացել հաշտվել, սպառնացել է ՝ երեկոյան քո հալը կտեսնես։ Ապա հենց երեկոյան էլ ծեծել է իմ պաշտպանյալին։ Նա հիվանդասենյակում քնած է եղել, երբ երկու հիվանդ քաշքշել են իրար, ընկել են իմ պաշտպանյալի վրա։ Պաշտպանյալս վեր է թռել ու փորձել բաժանել վիճողներին։ Այդ ժամանակ հիվանդասենյակ է մտել Գոռ Անտոնյանը, հարմար առիթը բաց չթողնելով՝ սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել, հարձակվել է իմ պաշտպանյալի վրա, բռնել գլուխն ու հարվածել մահճակալի երկաթե մասին։ Պաշտպանյալս պատմում է, որ այդ պահին աչքերից կայծեր են թռել, ու աղոտ է հիշում, թե ինչ պատահեց։ Սակայն լավ հիշում է, որ Գոռ Անտոնյանը մի ոտքը դրել է իր որովայնին, մյուս ոտքով ու ձեռքով սկսել է հարվածել մարմնի տարբեր մասերին։ Այդ ժամանակ հիվանդներ են փորձել միջամտել, երբ հիվանդները քաշել են իմ պաշտպանյալին, որպեսզի կարողանա ազատվել, Գոռ Անտոնյանը հերթական հարվածի ժամանակ ցանկացել է դարձյալ պաշտպանյալիս գլուխը հարվածել մահճակալի երկաթե մասին, ձեռքը կպել է այդ երկաթին ու կոտրվել է»,-պատմեց փաստաբանը։

Հոգեկան առողջության կենտրոնի տնօրենն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է՝ ստում է այդ կինը, նկատի ունենալով փաստաբանին, որը դեպքը հանրայնացրել է։

Փաստաբանը նկատեց՝ տնօրենը, որը առողջապահության նախկին փոխնախարարն է, խախտում է անմեղության կանխավարկածը, քանի որ հիվանդապահի անմեղությունը ապացուցված չէ։

Դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակիցներն այցելել են կենտրոն, հայտնել են, որ տուժողին անձամբ չեն տեսել, բայց լուսանկարներով նկատել են, որ նրա վրա բռնության հետքեր չկան։

Ասուլիսի մյուս մասնակիցը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը տարակուսած է, որ ՄԻՊ-ը լուսանկարներով է սահմանափակվել, ՄԻՊ-ի աշխատակիցներն, ըստ Ալեքսանյանի, պետք է այցելեին եւ հանդիպեին տուժողի հետ։ «Փակ համակարգերից՝ բանակ, բանտեր, հոգեկան առողջության կենտրոններ, վերջինն ամենափակն է, եւ այնտեղ հայտնվում են ամենախոցելի եւ ամենաանպաշտպան մարդիկ։

Ինձ համար ցնցողն այն էր, որ հիվանդապահը նախկին ոստիկան է եղել։ Տնօրենն ասում էր, որ նա Ռուսաստանում է որպես ոստիկան աշխատել, բայց դա հակացուցված է՝ անկախ նրանից, թե որ երկրում է աշխատել։ Այսպիսի կենտրոններում պետք է աշխատեն կարեկցող, հոգատար․․․ եւ հատուկ ընտրովի անձնակազմ պետք է լինի»,-ասաց Ալեքսանյանը։

 Մանրամասն՝ տեսանյութում

Դեպքի վերաբերյալ ՄԻՊ-ից հայտնել են, որ թույլատրվել է ուժի կիրառում՝ որպես հիվանդի նկատմամբ զսպման միջոց։ Բանախոսների կարծիքով՝ սա ասել են անձնակազմին արդարացնելու համար։

Փաստաբանն էլ նկատեց՝ զսպման համար կա հատուկ սենյակ, մինչդեռ, եթե դա զսպման համար է կիրառվել, դա տեղի է ունեցել հիվանդասենյակում, 12 հիվանդի ներկայությամբ․ «Եթե կար զսպման անհրաժեշտություն, դա չպետք է տեղի ունենար բոլորի ներկայությամբ՝ նսեմացնելով անձին ու անհարգալից վերաբերմունքով»։

Փաստաբանն ասում է՝ դիմումներ է ուղարկել ՄԻՊ-ին, ԱԺ-ին, քննչական կոմիտեին, առողջապահության նախարարությանը, գլխավոր դատախազությանը, սակայն առ այսօր նշված կառույցներից որեւէ արձագանք չի եղել։

Ընդ որում, դատաբժիշկը նոյեմբերի 10-ին տրամադրել է երկու ուղեգիր, մինչդեռ, ըստ փաստաբանի, տուժողին միայն այսօր են տեղափոխել Ավանի պոլիկլինիկա՝ հետազոտության։ Դավթյանը կասկածներ ունի, որ դրա նպատակն այն է, որ տուժողի մարմնից հետքերը վերանան։

Փաստաբանի ներկայացմամբ՝ քննչական գործողություններն էլ ընթանում են խախտումներով, նախ նրան սկզբում թույլ չեն տվել մասնակցել դեպքի վայրի զննությանը, եւ միայն հսկող դատախազի զանգից հետո են թույլատրել, հիվանդը հարցաքննվել է այլ բժիշկների ներկայությամբ․ «Պաշտպանյալս ասել էր, որ կա տեսախցիկ, պահանջեցի առգրավել տեսագրությունը։ Քննիչն ուղղակի դիտավորությամբ չառգրավվեց, խոսեց տնօրենի հետ, նա ասաց՝ տեխնիկական խնդիրներ ունենք, հետո կտրամադրենք։ Քննիչն այդ տեսագրությունը եթե ստացել է, ինձ թույլ չի տալիս մասնակցել դրա զննությանը։ Կարծում եմ, որ տեսագրությունում էական նշանակություն ունեցող փաստեր եւ հանգամանքներ կան, որը տեխնիկական վրիպակի անվան տակ հանել են, որպեսզի կարողանան շատ թեթեւ մի բան ներկայացնել։ Այդ մասով անվստահությունս հայտնել եմ քննիչին։ Քննիչին նաեւ բացարկ եմ հայտնել»։

Արմինե Դավթյանը վստահեցրեց՝ դեպքից անմիջապես հետո իր պաշտպանյալին սկսել են շատ բարձր չափաբաժնով դեղորայք տալ, ինչի հետեւանքով նա չի կարողանում խոսել, ողջ օրը քնած է։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930