Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի ապահովվում իրավունքի գերակայության սկզբունքը». ՀՔԱՎ դիրքորոշումը աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Նոյեմբեր 23,2022 18:04

ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգ։

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր 13.1 գլխով և 102.1 հոդվածով։ Համաձայն նշված հոդվածի 2-րդ մասի՝ էլեկտրոնային հարթակի կիրառման հիմնական սկզբունքներն են՝ էլեկտրոնային հարթակից սույն օրենսգրքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող անձանց համար՝ էլեկտրոնային հարթակում առկա տվյալների և իրենց լիազորությունների շրջանակներում իրազեկման ենթակա տեղեկատվության ցանկացած պահի հասանելիությունը։ Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ «(…) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ մարմիններին կարող է տրվել էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որը անհրաժեշտ է տվյալ մարմնին օրենքով վերապահված լիազորությունները իրականացնելու համար», իսկ նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ «…էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

Սա նշանակում է, որ էլեկտրոնային հարթակում աշխատողի վերաբերյալ ներառված տվյալներին, բացի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, ցանկացած պահի հասանելիություն են ունենալու նաև պետական այլ մարմիններ, ընդ որում՝ Նախագծով բացահայտված չեն, թե որոնք են այդ պետական մարմինները, ինչ ծավալի տեղեկատվության կարող են հասանելիություն ունենալ և ինչ նպատակով։ Հատկանշական է, որ թեև Նախագծի 102.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է, որ էլեկտրոնային հարթակից օգտվելու կարգը պետք է սահմանվի Օրենսգրքով, սակայն Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ գործառույթը վերապահվում է ՀՀ կառավարությանը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում դիրքորոշում է ներկայացրել այն մասին, որ առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է համաչափության սկզբունքի համատեքստում և չի համապատասխանում օրենքի կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքներին: Խաթարվում են օրենքի առջև ընդհանուր հավասարության ու խտրականության արգելքի սկզբունքները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքը։ Առաջարկվող կարգավորմամբ չի ապահովվում իրավունքի գերակայության սկզբունքը, քանի որ նույն իրավական կարգավիճակում գտնվող աշխատող անձանց համար չի ապահովում նույն իրավունքներն ու ազատություններն՝ առանց որևէ խտրականության։

Հիմք ընդունելով վերը նշվածը, առաջարկում ենք Նախագծի 102.1-ին հոդվածից հանել 7-րդ մասը։

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930