Դժվար է պատկերացնել գեթ մեկ մարդու, որն իր կյանքում գլխացավ չի ունեցել։ Գլխացավի պատճառներն ու տեսակները շատ տարբեր են, բայց ի ուրախություն մեզ կան մի քանի պարզ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել գլխացավից առանց բժշկին այցելելու․ ահա դրանցից մի քանիսը։
Սառը թրջոցներ դրեք
Միգրենի դեպքում ճակատին սառը թրջոցներ դրեք կամ փորձեք սառը ցնցուղ ընդունել, դա կթեթևացնի գլխացավը։ Սառը թրջոցը պահեք գլխին 15 րոպե, ապա 15 րոպեով ընդմիջում արեք։
Ջերմակ կամ տաք թրջոցներ օգտագործեք
Եթե ունեք լարվածության գլխացավ (ճնշող, ձգող ցավ), ջերմակ դրեք պարանոցին կամ ծոծրակին։ Սինուսային գլխացավի դեպքում (որն առաջանում է քթի բորբոքման դեպքում) ցավոտ հատվածին տաք կտոր դրեք։ Տաթ ցնցուղը նույնպես կարող է թեթևացնել նման բնույթի ցավերը։
Կարդացեք նաև
Թուլացրեք գլխի կամ գլխամաշկի վրա արտաքին ճնշումը
Գլխացավեր կարող են առաջանալ նաև արտաքին ճնշումից, օրինակ՝ մազերն ամուր կապելուց, լողի համար նախատեսված ակնոցներ կամ անհարմար նեղ գլխարկ կրելիս։
Մեղմացրեք լույսը
Վառ ու առկայծող լույսը (այդ թվում համակարգչային էկրանի լույսը) կարող է միգրենի սրացման պատճառ դառնալ։ Եթե դա ձեզ մոտ գլխացավ է առաջացնում, փորձեք մեղմացնել էկրանների լուսավորությունը պաշտպանիչ հատուկ շերտերի միջոցով, օրվա ընթացքում փակեք պատուհանները անթափանց վարագույրով, դրսում կրեք արևապաշտպան ակնոցներ։
Մի մոռացեք ջրի մասին
Բավականաչափ հեղուկ օգտագործեք։ Ջրազրկումը կարող է գլխացավեր առաջացնել կամ սրացնել դրանք։
Դիմեք կոֆեինի օգնությանը
Գլխացավը սկսվելուն պես ըմպեք սուրճ, թեյ կամ կոֆեին պարունակող որևէ այլ ըմպելիք․ այդպես կարող եք բավականին թեթևացնել ցավը։
Փորձեք ռելաքսացիայի մեթոդները
Փորձեք թուլանալու այն եղանակը, որը նախընտրում եք՝ յոգան, մեդիտացիան կամ երաժշտությունը։ Կարող եք դիմել ֆիզիոթերապիայի օգնությանը, եթե մկանային ցավեր եք ունենում պարանոցի շրջանում։
Փորձեք մերսումը
Ճակատի, պարանոցի ու քունքերի մերսումը կօգնի թուլացնել լարվածության գլխացավը, որը կարող է առաջանալ սթրեսի պատճառով։
Կոճապղպեղ օգտագործեք
Փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ կոճապղպեղը թեթևացնում է միգրենային գլխացավերը և իր ազդեցությամբ նման է ցավազրկող դեղամիջոցներին։
Մի ծամեք
Ծամոնը կարող է գլխացավի առաջացման պատճառ դառնալ, նույնը կարելի է ասել շրթունքները, այտերի ներքին հատվածը կամ գրիչը ծամելու սովորության մասին։ Գիշերն ատամները կրճտացնելը նույնպես կարող է առավոտյան գլխացավի պատճառ դառնալ։
Դեղահաբերն օգտագործեք չափավոր
Դեղատներում կարելի է գտնել անսահմանափակ քանակությամբ ցավազրկողներ։ Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակը գտնելու համար լավ ծանոթացեք տեղեկատվական թերթիկների բովանդակությանը։
- Արագ արդյունք ստանալու համար ընտրեք դեղամիջոցների հեղուկ տարբերակները, քանի որ դրանք օրգանիզմի կողմից ավելի արագ են յուրացվում։
- Խուսափեք ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերից, եթե սրտային կամ երիկամային անբավարարություն ունեք։
- Մի տվեք ասպիրին 18 տարեկանից փոքր երեխային։
- Ցավազրկող ընդունեք գլխացավը սկսելուն պես, այդիսով դուք կհաղթահարեք գլխացավն ավելի փոքր չափաբաժնով, քան սպասելու դեպքում։
Կարևոր է իմանալ, որ կան որոշ դեպքեր, երբ գլխացավի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկին․
- Գլխի վնասվածքի պատճառով առաջացած ցավեր։
- Գլխացավ, որն ուղեկցվում է գլխապտույտով, խոսքի հետ կապված խնդիրներով, գիտակցության մթագնումով և նյարդաբանական այլ ախտանշաններով։
- Ուժեղ գլխացավ, որը պատահաբար է առաջանում։
- Գլխացավ, որն ուժեղանում է անգամ ցավազրկողներ ընդունելուց հետո։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և բուժում նշանակելու նպատակ չի հետապնդում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ