Անդրեաս Օտտենզամերի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է երեք կոմպոզիտորների մոնումենտալ ստեղծագործություններ՝ Ֆելիքս Մենդելսոնի Երկու մաս թիվ 2 «Փառաբանության հիմն» սիմֆոնիայից, Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» սյուիտը, Յոհաննես Բրամսի Թիվ 1 սիմֆոնիան։
Անդրեաս Օտտենզամերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել թե՜ որպես մենակատար, թե՜ որպես դիրիժոր։ Վերջինս Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար-կլարնետահարն է, անվանի դիրիժոր։ Երևանյան հանդիսատեսի կողմից մեծ ընդունելության արժանացավ Օտտենզամերի ղեկավարած երեկոն։ Ի դեպ, համերգասրահում մեծ թիվ էին կազմում երիտասարդ ունկնդիրները։ Ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից իրականացվող «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագրի մասնակիցները։ Շուշան Դավթյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող է։ Բուհի այլ սաների հետ այցելել է դասական երաժշտության համերգ։ Երեկոյի ընթացքում ներկայացվող գործերի, հեղինակների, դիրիժորի և նվագախմբի վերաբերյալ մանրամասներին ծանոթացել էին մինչ համերգասրահ գալը։ Շուշան Դավթյանը նշում է, որ պարբերաբար ներկա են լինում համերգներին և մեծ հաճույք ապրում՝ հաղորդակցվելով դասական երաժշտության հետ։
Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մի շարք կրթամշակութային ծրագրեր է իրականացնում պատանիների, երիտասարդների շրջանում. «ԴասA»-ն, «Իմ սիմֆոնիկը» նպատակ են հետապնդում դպրոցների աշակերտներին, բուհերի ուսանողներին մոտեցնել դասական երաժշտությանը, նրանց մեջ սերմանել սեր բարձր արվեստի նկատմամբ։
Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է նաև «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, որի նպատակը 10-16 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների բացահայտումն ու նրանց զարգացումն է։ Հիմնադրամը «Տալենտում» ծրագրի շրջանակում ընտրված պատանի երաժիշտների համար հատուկ մշակված ծրագրերով բազմակողմանի կրթության, զարգացման հնարավորություն է տալիս։
Կարդացեք նաև
Կրթամշակութային նախագծերն ու դասական երաժշտության տարածման ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքը ներգրավում է բազմաթիվ պատանի ու երիտասարդ երաժիշտների և երաժշտասերների, ինչը հնարավորություն է տալիս դաստիարակելու լավ քաղաքացի, կերտելու երաժշտության կայուն ապագան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ