«Մի իրավիճակում ենք, երբ մեզանից դուրս կան արտաքին ուժեր, որոնք ունեն իրենց շահերն ու շահագրգռությունները։ Այդպես եղել է միշտ։ Հիմա ողբերգությունն այն է, որ մեր երկրի ներսում ձեւավորված ուժեր ու ինչ-ինչ շրջանակներ հանդես են գալիս հստակ մետությամբ, մոլությամբ, եւ կապ չունի, թե դա ինչ մոլություն է՝ հյուսիսամոլություն, հարավամոլություն, արեւմտամետություն, թե՞ մի այլ բան։ Եթե որեւէ ուժ կամ շրջանակ հանդես է գալիս մի երրորդ երկրի մոլությամբ, ակնհայտ է, թե ում շահերը պետք է սպասարկի»,- «Հայելի» ակումբում նշեց պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը։
Նրա խոսքով․ «Պատմության ընթացքում ունեցել ենք նման բաներ, օրինակ, բյուզանդամետներ, պարսկամետներ, եւ այս երկուսի արանքում եղել են կենտրոնամետները, պետականամետները, որոնք ցավոք սրտի, ժողովրդի հետ կրել են այդ, այսպես կոչված՝ մետության ու մոլության հետեւանքները»։
Պատմության ուսուցիչը տարակուսանք է հայտնում․«Մարդիկ այսօր տարբեր երկրների դրոշներով դուրս են գալիս փողոց, ասում են՝ թող էստեղ տեղի չունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, մյուս կողմն էլ՝ ջանք չխնայելով, իրեն պատռելով, ջերմեռանդությամբ ասում է՝ չէ, պետք է տեղի ունենա, պաշտպանում են այդ երկրի առաջնորդին։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ իսկ հայկականությունը որտե՞ղ է, երբ դու տարբեր երկրների առաջնորդներին գովաբանելով, աստվածացնելով, ուրիշ երկրների դրոշներն առած ման ես գալիս կամ ցանկացած տաղավարում դիֆերամբում ես էդ երկրների առաջնորդներին եւ նրանց շահերով ես առաջնորդվում։ Հայկականությունն էլ ձեր այդ ամեն ինչի արանքում ոտնատակ է լինում»։
Նրա խոսքով, եթե որեւէ ուժ պաշտպանում է այլ երկրի առաջնորդի, գովաբանում այլ երկիր, ազգայինի հետ որեւէ կապ չունի։ «Գործող վարչակարգի, իշխանությունների համար երբեք էլ կարեւոր չեն եղել մեր անկախությունն ու սուբյեկտայնությունը։ Խնդիրը եղել է հետեւյալը՝ որ կողմին կարող ենք սիրաշահել, որ կողմն է այդ պահին այստեղ ավելի ուժեղ ներկայացված, որպեսզի մտնենք նրա թեւի տակ, ունենանք որոշակի իրավունքներ ու լիազորություններ՝ եղած բարիքներից օգտվելու համար։ Ժամանակին իշխանություններն ընկել էին Արեւմուտքի հետեւից, հետո մտածեցին՝ առանց ռուսական կողմի իշխանություն պահելը դժվար է, անցան ռուսների կողմը։ Եթե բարդություններ ծագեն, վստահ եղեք, որ նորից են պատրաս թեքվել Եվրոպա»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ