Այսօր Երեւանում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների համաժողովը, որի օրակարգի քննարկման թեմաների մեջ է նաեւ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցը: Սակայն Երեւանում արեւմտամետ ուժերը ցույցեր են անում ընդդեմ Վլադիմիր Պուտինի:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն այդ առիթով «Հայելի» ակումբում ասաց. «Այդ մարդիկ նախ պետք է Արցախի դրոշը վերցնեն ու ցույց անեն Փաշինյանի կառավարության կամ կառավարական առանձնատան դիմաց: Բայց հաշվի առնենք, որ դրանք չունեն պետականամետ հենք, այդ մարդիկ ծառայում են ամերիկամետ ուժերին կամ այլմոլորակայինների:
Այսօրվա բողոքի ակցիան, որն ավելի շատ պատվերի ակցիա է, քան բողոքի, պայմանավորված է առնվազն հակառուսականության ֆոնի պահպանմանը, եթե հնարավոր լինի, նաեւ` ավելացմանը: Սույն անձինք հատկապես 44-օրյա պատերազմի պարտությունից հետո պարբերաբար շարունակում են հակառուսական տրամադրությունների տարածումը Հայաստանի հասարակության շրջանակներում` պատճառաբանելով, թե ռուսներն են մեղավոր պատերազմի համար, ռուսները թողեցին, որ հանձնվեր Արցախը, թե ռուսները զենք չտվեցին եւ տարատեսակ այլ կեղծ տեղեկություններ: Հիմնական խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի` վարչապետի աթոռը զավթելուց հետո նման զարգացումներ պետք էր սպասել: Մինչեւ 2018 թվականը Հայաստանում երբեք այսքան հակառուսականություն չէր եղել: Կարծում եմ, դրանցից առաջ եղել է ուժերի մոբիլիզացում եւ պլանավորված հստակ ծրագրված քայլերի հաջորդականություն:
Ընդհանուր առմամբ պատկերը սա է, երբ այդ մարդիկ գնում են ՌԴ դեսպանատան մոտ կամ այլ տեղ, որպեսզի ցույց տան իրենց «անհամաձայնությունը» Պուտինի հետ: Ես այդ մարդկանց առաջարկում եմ Արցախի դրոշը վերցնել: Թեեւ կհիշենք, որ Դիմադրության շարժումը, երբ Արցախի դրոշը կանգնեցրեց Ֆրանսիայի հրապարակում, դրանից քիչ անց, իմ համար ահաբեկչական «Սասնա ծռեր» կազմակերպության անդամը հանեց, ներկեց եւ փորձեց ներկայացնել որպես Հայաստանի դրոշ: Եթե դու դրոշ ես ներկում, նշանակում է, պղծում ես այդ դրոշը, եւ քանի որ դա Արցախի դրոշն էր, տրամաբանորեն դա հակաարցախյան քայլ էր: Այդպես նրանք իրենց երեսը ավելի պարզ ցույց տվեցին:
Կարդացեք նաև
Կարծում եմ, հակառուսական տրամադրությունների հիմքում կան մարդիկ, որոնք ապապետական են, չունեն իզմեր եւ իրենց նպատակը փողի դիմաց ծառայություններ մատուցելն է: Ու կապ չունի, թե այդ փողը որտեղից է գալիս: Թշնամի՞ պետություններից, որոնք հակահայ ավելի խորքային ծրագրեր ունեն, թե՞ այն պետություններից, որոնք Հայաստանը կօգտագործեն Ռուսաստանի դեմ որոշակի քաղաքական պրոցեսների ընթացքում»,-ասաց Գառնիկ Դավթյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ