Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական փոփոխության վռազելու անհրաժեշտություն չունենք». ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հրաժարվում իր նախաձեռնած սահմանադրական փոփոխություններից

Նոյեմբեր 23,2022 15:08

Արցախի կառավարությունը հետ է կանչում Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, համաձայն որի՝ ԱՀ Սահմանադրությունը եւ ԱՀ սահմանների իրավազորությանը վերաբերվող 175-րդ հոդվածը կարող են փոփոխվել միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխություններ առաջարկելու իրավունք ունեցողների շրջանակը: Նախագծով առաջարկվում է նաեւ, որ Սահմանադրության փոփոխություններն ընդունում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ի, հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 5 տոկոսի նախաձեռնությամբ, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

Ի սկզբանե, ԱՀ կառավարությունը՝ ներկայացնելով նախագիծը, այն հիմնավորում էր հնարավոր ճգնաժամերը կանխելու նպատակով: Նախագիծը խորհրդարանում ընդունվեց, նաեւ դրական եզրակացություն էր տվել Արցախի Գերագույն դատարանը:

Այսօր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորեցին պարզաբանել, թե ի՞նչ խնդիրներ կան, քանի որ ընդդիմադիր ուժերը, որոնք ի սկզբանե դեմ են եղել կառավարության այդ առաջարկին, հետո, ելնելով անվտանգային խնդիրներից, համաձայնել են, իսկ այժմ տպավորություն է, թե խորհրդարանը սխալ է գործել:

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ անվտանգային խնդիրները, որոնք կային եւ որոնցով պայմանավորված էր կառավարության այդ առաջարկը, չեզոքացե՞լ են ու այդ պատճառո՞վ է նախագիծը ետ կանչվել: Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ոչ, այդ խնդիրները շարունակում են մնալ, բայց այլ մանրամասների ինքը կանդրադառնա փակ քննարկման ժամանակ:

«Արցախի ժողովրդական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը պնդեց որոշ մանրամասներ հաղորդել՝ թյուրիմացությունը, թե ԱԺ-ն սխալ ճանապարհի վրա էր, կառավարությունը կանխեց՝ փարատելու համար:

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունները սկսվել են իր նախաձեռնությամբ եւ այսօր էլ ինքը համարում է, որ Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխությունը հանրաքվեով ամենաճիշտ տարբերակն է, բայց «երկրի ներքին կայունությունը ես ավելի կարեւոր եմ համարում, քան սահմանադրական փոփոխությունը»: Նա հավելեց. «Սահմանադրական փոփոխությունը մեր երկրի անվտանգությունը չի ամրապնդելու, Սահմանադրությունը չփոխելով՝ երկիրը չի քանդվելու եւ չի կորցնելու որեւէ բան: Ընդամենը, քանի որ քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ անձի ձեռքում՝ դա նախագահն է, իսկ ձեւավորել նոր իշխանություն, պետք էր գնալ ընտրությունների արտահերթ, ինչի համար էլ պետք էր սահմանադրական փոփոխություն, ընտրել են այդ ճանապարհը: Այսօր դրա կարիքը բարեբախտաբար չկա»:

Ըստ Արայիկ Հարությունյանի, քանի որ պետնախարարի լիազորությունների վերաբաշխում է եղել, այսօր քաղաքական ուժերի ներկայացուցիչների այդ մտահոգությունը չեզոքացել է եւ «սահմանադրական բարեփոխումների վռազելու որեւէ անհրաժեշտություն չունենք»: Արայիկ Հարությունյանը հավելեց, որ իր առաջարկած տարբերակն իրացնելու արդյունքում ի՞նչ խոչընդոտների կհանդիպեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930