Գյումրիում ՌԴ-ի հյուպատոսարանի դիմաց այսօր բողոքի ցույց անցկացրեցին Խծաբերդում գերեվարված զինվորականների հարազատները։ Նրանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։
«Չենք խնդրում, այլ պահանջում ենք ՌԴ նախագահից ու Հայաստանի իշխանություններից վերադարձնել մեր որդիներին։ 15 օրից լրանում է երկու տարին, որ մեր տղաները Բաքվի բանտերում են։ Պուտինը գերհզոր պետության ղեկավար է, թող տեր լինի եռակողմ համաձայնագրի կատարմանը, եթե ուզի, մեր տղաները շատ արագ կերպով կհասնեն մեզ»,-ասաց ծնողներից մեկը։
Բողոքավորների ասելով, շիրակցի զինվորականների Խծաբերդ գնալու ժամանակ այն եղել է հայերի վերահսկողության տակ, այդ ինչպե՞ս է, որ ռուս խաղաղապահների տեղակայված լինելու ժամանակ 62 հոգու գերեվարել են։
Կարդացեք նաև
«Եթե Խծաբերդը հայերինը չէր, ապա ի՞նչ գործ ունեին շիրակցի տղաներն այնտեղ, ինչո՞ւ մեր ՊՆ֊ն խաբելով նրանց տարավ այնտեղ։ 17 օր մնացին շրջափակման մեջ և վերջում Խծաբերդը նվիրեցին ադրբեջանցիներին»,–ասում էին ցուցարարները։
Նրանք նշեցին, որ մշտապես կարճ հեռախոսակապ ունեն զավակների հետ, հնարավորություն ունեցել են նաև տեսակապ ունենալու, նրանք տեսքով եղել են ահավոր վիճակում, շատ ընկճված։
Ըստ հարազատների, 20 տարեկանը տեսքով 30 տարեկան է երևում, 30-ը` 40։
Ծնողները նշեցին, որ բազմիցս բողոքի ցույցեր են արել ՀՀ֊ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, սակայն ոչ մի դրական պատասխան չեն ստացել։ Նրանք որոշակի ակնկալիք ունեն այսօր Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցից։
Ցուցարարներից 3 հոգու ընդունել էին ՌԴ հյուպատոսարանում ու ասել` սպասել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ