Ադրբեջանի իշխող ընտանիքի աջակցությամբ և բրիտանական նավթագազային BP հսկայի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի հեռարձակումից հետո BBC-ն մեղադրվում է ադրբեջանական բռնապետությունը «սպիտակեցնելու» մեջ:
Դեռ օգոստոսին BBC World News-ն իր լսարանին խոստացել էր, որ BP-ի կողմից հովանավորվող «Ադրբեջանի հրաշալիքները» ֆիլմում իրենք կբացահայտեն, թե «ինչպես է Ադրբեջանի նավթային հարստությունը հնարավորություն տվել մայրաքաղաք Բաքվին ծաղկել» և «ձեռք բերել «Արևելքի Փարիզի» համբավը:
BP-ն ֆիլմի ստեղծման վրա ծախսել է 300,000 ֆունտ: Այն նկարահանվել է բրիտանական SandStone Global ընկերության կողմից՝Ադրբեջանի իշխող Ալիևների ընտանիքի անդամների կողմից ղեկավարվող մի հիմնադրամի և մի մեդիա կենտրոնի աջակցությամբ: Ֆիլմը ներկայացրել է հեռարձակող և պատմաբան Բեթանի Հյուզը, որը SandStone-ի համահիմնադիրն է:
Ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովը, որը 2015թ. փախել էր Ադրբեջանից՝ քաղաքական հետապնդումների պատճառով, BBC-ին մեղադրել է «բռնապետությունը սպիտակեցնելու մեջ»։
Կարդացեք նաև
Հուսեյնովը Ադրբեջանում ժողովրդավարական երիտասարդ ակտիվիստների մասին պատմող BBC-ի՝ մրցանակի արժանացած վավերագրական ֆիլմի հերոսներից է: Open Democracy-ի հետ զրույցում լրագրողն ասել է, որ BBC-ն ենթարկվել է «ամոթալի վերափոխման և խոսք է տվել աշխարհի ամենաարյունալի և ամենակոռումպացված ռեժիմներից մեկին»։
Նա նաև մեղադրել է BBC-ին Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը լուսաբանելիս «պասիվ» լինելու մեջ՝ և կասկածի տակ է դրել BP-ի՝ Ալիևի վարչակարգի հետ կապերի բացակայությունը:
BBC-ն Open Democracy-ին ասել է, որ «Ադրբեջանի հրաշալիքները» ֆիլմը «ընթացիկ իրադարձությունների մասին ծրագիր չէ»:
«Տարածաշրջանի ավելի լայն աշխարհաքաղաքական պատմությունը լայնորեն ներկայացվել է BBC News-ի ծառայությունների կողմից», – ասել է խոսնակը:
Culture Unstained մշակութային կազմակերպության ներկայացուցիչ Քրիս Գարարդը Open Democracy-ին ասել է, որ լրատվամիջոցների հովանավորության մեխանիզմները, ինչպիսիք են BP-ն, «լեգիտիմացնում են» այն ընկերությունները, որոնք աշխատում են հանածո վառելիքի ոլորտում, քանի որ նրանք շարունակում են ներդրումներ կատարել նավթի և գազի նոր ենթակառուցվածքներում, այլ ոչ թե աշխատում են զրոյական նպատակներով:
Հաշվի առնելով ադրբեջանական վարչակարգի կողմից մարդու իրավունքների ոտնահարման պատմությունը, BBC-ի ֆիլմում «Ադրբեջանի մասին դրական մշակութային» շեշտադրումն աշխատել է ի շահ «BP»-ի», – ասել է Գարարդը:
Ֆիլմը նաև անուղղակիորեն քարոզում է Ադրբեջանի հավակնությունները Շուշիի նկատմամբ: Ադրբեջանն այժմ ցանկանում է BP-ի օգնությամբ այն վերածել «կանաչ էներգիայի գոտու»:
Իր այսպես կոչված «դարի պայմանագրով» BP-ն ռեսուրսներով հարուստ Ադրբեջանում ամենամեծ օտարերկրյա կորպորատիվ ներդրողն է։
Այն երկար ժամանակ քննադատության է ենթարկվել մարդու իրավունքների և կլիմայի ակտիվիստների կողմից իշխող Ալիևի ռեժիմի հետ իր կապերի համար, որը մեղադրվում է «ընտրակեղծիքների», այլախոհների ձայները լռեցնելու և Ադրբեջանի նավթագազային հարստությունից անհամաչափ օգուտներ քաղելու մեջ:
«BP-ն պետք է իր կողքին պահի [Ադրբեջանի] կառավարությանը, և սա [ֆիլմը] դա անելու էժան միջոց է», – ասում է «Crude Britannia: How Oil Shaped a Nation» գրքի համահեղինակ Ջեյմս Մարիոթը:
Open Democracy-ի հետ զրույցում BP-ն ասել է, որ իրենք նպատակ ունեն աշխատել Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների «արդյունավետ և պատասխանատու» զարգացման համար՝ ի շահ Ադրբեջանի և ընկերության: Ընկերությունից ավելացրել են, որ իրենք զրո հավակնություններ ունեն և աշխատում են Ադրբեջանում վերականգնվող էներգիայի զարգացման ուղղությամբ:
«Մենք որևէ երկրում չենք աջակցում անհատներին կամ քաղաքական խմբերին», – ասել է BP-ի խոսնակը OpenDemocracy-ին:
«Մեծ Բրիտանիայից դուրս գովազդն և հովանավորչությունը, որը հստակ մակնշված է որպես այդպիսին և ամբողջովին առանձնացված է մեր խմբագրական արտադրանքից, թույլ է տալիս մեզ ներդրումներ կատարել BBC-ի համաշխարհային մակարդակի լրագրության մեջ, որն անկախ և անկողմնակալ նորություններ է տրամադրում բոլոր թեմաներով, այդ թվում՝ կլիմայի փոփոխություն, էներգետիկ ճգնաժամ և աշխարհաքաղաքականություն»,- ասել է BBC-ի խոսնակը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ես դեռ 2014 թ ին Ձեր գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հոդվածին մեկնաբանություն էի թողել,երբ նա խոսում էր BBC ի անաչառության մասին։
Ես դեռ այն ժամանակ ասացի,որ BBC դա ծայրաստիճան կոռումպացված կառույց է։
Անաչառությունը բացարձակապես կապ չունի bbc ի հետ։
Ես ինքս արևմտամետ եմ,բայց արևմուտքում ամեն բան չէ,որ մաքուր է։