Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ հանեն պլատան, միջի ոսկին ձուլեն եւ այլն, չի եղել նման բան»․ «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2022 11:23

Օրերս դատախազությունը հաղորդել էր, որ կասեցրել է հրթիռներից ոսկյա պլատաներ հափշտակելու գործը, քանի որ հայտնի չէ մեղադրյալը։ Այս գործի մասին ոչ ոք չէր էլ հիշի, եթե չլիներ վարչապետի հերթական ամպագոռգոռ հայտարարությունը, որը բոլորս ենք հիշում։

Հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե այցի ժամանակ հայտարարեց, որ «պատերազմի ժամանակ առնչվել են դեպքերի, երբ պարզվեց` ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որի մեջ ոսկի կա»։ Նաեւ` «գործիքը վերցրած գնում են օգտագործելու, հետո պարզվում ա՝ էդ գործիքի կաղապարը կա, մեջի ամբողջ պարունակությունը հանված ա, եւ հայտնի չի՝ ով ա հանել»։

Ավելի վաղ՝ 2021 թվականի մայիսի 28-ին, Աջափնյակում ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ էլ ասել էր, որ ՀՀ-ում սպա կա, ով S-300-ի վրայից պլատա է հանում, որ տանի, մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով, եւ ավելացրել էր․ «Եթե էսպիսի երեւույթ կա Հայաստանի Հանրապետությունում, ամեն ինչի մեջ էլ կմեղադրեն, բայց պետք է իմանաք, որ մենք մեր երկրի նկատմամբ հարյուր տոկոսով ազնիվ ենք: Մեզ դավաճանության մեջ է մեղադրում այն կուսակցությունը, որը պետականությունը սենց թողել ա…»:

Իհարկե, կար խառնաշփոթ՝ վարչապետը խոսում է 44-օրյայի ժամանակ կատարված դեպքի  մասին, իսկ հիշյալ գործը հարուցվել է 2019-ին։ Բայց դե դա մանրուք է։  Կարեւորը՝ որ դատախազությունը վարչապետի ասածը հիմնավորեց, վերջինս էլ սուտ դուրս չեկավ` հերթական անգամ։ «Նա ասել է այն, ինչ իրեն  զեկուցել են,- ասում է ՊՆ մեր աղբյուրը, որը փորձառու զինվորական է։- Ինչ ես հիշում եմ ինձ, էդ բողոքները միշտ կան` ՀՕՊ զորքերի վրա, կան էդպիսի խոսակցություններ, որ հրթիռներից ոսկու պլատա են հանում, բայց ոչ մի կոնկրետություն երբեք չի եղել։ Հենց էդ խոսակցություններն էլ հասել են վարչապետի ականջին»։

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ,  որը դատախազությանը մի քանի անգամ հարցում էր ուղարկել «ռասկուլաչիտ» արված հրթիռների վերաբերյալ, մեզ փոխանցեց այդ հին գործի մասին իր հայթայթած տեղեկությունները։ «2-3 հարցում արել եմ։ Պարզվում է՝ սարքեր են եղել, որոնք վերանորոգման են ուղարկվել, ու ինչ-որ գողության դեպք է եղել։ Բայց որ հանեն պլատան, միջի ոսկին ձուլեն եւ այլն, չի եղել նման բան։ Ու սա S-300-ի հետ էլ կապված չէ։ Միշտ էլ լինում է ու եղել է ինչ-որ գողության դեպք։ Դա այնքան աննշան է եղել, բայց Նիկոլն այնպես սարքեց, որ ստացվեց՝ պատերազմի ժամանակ S-300-ները չեն կրակել դրա պատճառով»։

Գեղամ Մանուկյանը հիշեց, որ երբ Գերմանիայում ծառայելիս է եղել, երկու հայ «պրապորշչիկ» ինքնաթիռների մարտկոցները (ակումուլյատորներ) էին գողացել, վաճառել, որովհետեւ մեջը 12 կիլոգրամ արծաթ էր եղել։ Դե, մենք էլ հիշեցինք սովետական հեռուստացույցների պլատաների միջի ոսկու մասին տարածված լեգենդ-պատմությունները։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930