Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակում է «խաղաղասիրական» իր կեղծ քարոզչությունը, իսկ Արցախի երկնքում նորից սեւ ամպեր են կուտակվել․ «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 23,2022 11:05

Պաշտոնական կեղծ հաղորդագրություններ տարածելով այն մասին, թե իբր արցախյան կողմից կրակոցներ են արձակվում սահմանում հերթապահություն իրականացնող ադրբեջանցի զինվորականների ուղղությամբ, ադրբեջանցիները սադրիչ գործողություններով ավելի են լարում իրավիճակը տարածաշրջանում՝ փորձելով սեփական հանցավոր քայլերը բարդել հայերի վրա: Նախապես ծրագրած սցենարով են նրանք առաջնորդվել օրերս Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի սահմանամերձ տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ՝ խոցելով տրակտորիստին, ով ծանր վիրավորում է ստացել եւ հանրապետական հիվանդանոցում է:

Գրեթե նույն ձեռագիրն է իրագործվել Մարտունու շրջանի Կարմիր շուկայի եւ Հացի համայնքներին պատկանող հողատարածքներում, որտեղ ադրբեջանցիների կողմից ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել աշնանացան կատարող հացագործները: Ինչպես ասում են, երջանիկ պատահականությամբ տուժել են միայն գյուղատնտեսական մեքենաները: Վտանգից խուսափելու համար սահմանամերձ գյուղերում, որտեղ թշնամու նշանառության տակ են մարդիկ, գյուղնախարարության պատասխանատուները ստիպված են եղել դադարեցնել աշնանացանը:

Սադրիչ գործողությունները չեն դադարում խաղաղ բնակչության նկատմամբ: Ադրբեջանցի զինծառայողներն ահաբեկելու նպատակով հայերեն եւ ռուսերեն լեզուներով սպառնալիքներ են հնչեցնում բարձրախոսներով, ազգայնամոլական գռեհիկ երգեր «շրջանառում», որոնցում վիրավորվում է հայ ժողովրդի արժանապատվությունը: Ուժային կառույցների կողմից, ինչ խոսք, այս ամենի մասին տեղյակ է պահվում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, որը, իր հերթին, համապատասխան տեղեկատվություն է հրապարակում պաշտոնական «խողովակներով»:

Ցավոք, հասցեագրված կոչերն ու հորդորները չեն սթափեցնում ահաբեկիչներին, եւ հայատյաց քարոզչությունը շարունակվում է, իսկ հանցագործները մնում են անպատիժ: Հավաստի տեղեկությունների համաձայն` ընթացիկ տարում ադրբեջանցիների հանցավոր գործողությունների հետեւանքով 5 զոհ եւ մեկ տասնյակից ավելի վիրավորներ են գրանցվել խաղաղ բնակչության շրջանում, գնդակոծություններից վնասվել բազմաթիվ տներ եւ շենք-շինություններ:

Ահա այսպես են «խաղաղություն» պարտադրում հարեւանները արցախցիներին, ովքեր բազմիցս են համոզվել այն ճշմարտության մեջ, որ բռնությունների եւ սպառնալիքների միջոցով հնարավոր չէ հպատակեցնել մի ժողովրդի, որ դարեր շարունակ ապրել ու արարել է իր պատմական հայրենիքում եւ ինչպիսի ծանր փորձությունների էլ ենթարկվի, նա հող հայրենին, Արցախ աշխարհը երբեք լքողը չէ:

Ադրբեջանը շարունակում է «խաղաղասիրական» իր կեղծ քարոզչությունը, իսկ Արցախի երկնքում նորից սեւ ամպեր են կուտակվել, եւ խաղաղության աղավնիները դեռ չեն նշմարվում…

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930