Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան․ Մոռանանք սուբյեկտայնությունը, գնանք աբորիգենի կարգավիճակով ուղիղ խոսենք Բաքվի հետ, դա՞ եք ուզում․ «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2022 10:26

Հարցազրույց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարեց, որ պատրաստ է խոսել Ղարաբաղում ապրող հայերի, բայց ո՛չ Ռուսաստանից ուղարկված «էմիսար» Ռուբեն Վարդանյանի հետ: Ո՞վ պետք է լինի Արցախի անունից բանակցողը, ինչքանո՞վ է, առհասարակ, նման ձեւաչափը հնարավոր, որի մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

– Պաշտոնական Ստեփանակերտը երբեք չի խուսափել բանակցային գործընթացի վերսկսումից, ավելին՝ 1996-97 թվականներից, երբ բանակցությունները սկսեցին խեղաթյուրված ձեւաչափով վարվել՝ Արցախի Հանրապետության ոչ լիարժեք կամ մասնակի մասնակցությամբ, մենք միշտ ընդգծել ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի ձեւաչափը։ Մինչդեռ այսօր ադրբեջանական կողմը բավականին հմուտ ձեւով է ներկայացնում այդ ձեւաչափը․ խնդիրն այն չէ, թե ով է բանակցելու, ի վերջո, կողմերից յուրաքանչյուրն ինքն է ներկայացնելու իր բանակցողին, խնդիրն այն է, թե ինչ ձեւաչափով պետք է տեղի ունենան բանակցությունները, եւ ինչի մասին պետք է լինեն դրանք։ Երբ Ադրբեջանը խոսում է բանակցելու մասին՝ հայտարարելով, որ պատրաստ է, ճիշտ չի ասում, նա պատրաստ չէ բանակցել: Ադրբեջանն այդ բանակցությունները դիտարկում է որպես ներադրբեջանական երկխոսություն։

– Նկատի ունեք Ալիեւի այն հայտարարությունը, որ Արցախում ապրողներն իր «քաղաքացինե՞րն» են։

– Այո։ Այսինքն՝ դիտարկում է մեզ որպես աբորիգենների, որոնք, ժողովրդական լեզվով ասած, 88-ին ղալաթ են արել, անջատվել են մայր Ադրբեջանից, իսկ հիմա աղաչում են, որ իրենց ներեն եւ ընդգրկեն Ադրբեջանի կազմ։ Սա է Ալիեւի ձեւակերպումը, մենք սրա համար ենք ասում, որ չեն կարող նման բանակցություններ լինել։ Բացի այդ՝ բանակցությունների համար կա միջազգայնորեն ընդունված ձեւաչափ, որտեղ Արցախի սուբյեկտայնությունը նշվում է ե՛ւ որպես բանակցային, ե՛ւ որպես հակամարտության կողմ։ Դրանք Բուդապեշտի գագաթնաժողովում 1994 թվականին ընդունված որոշումներն են եւ 94-95 թթ․ ընդունված հարակից որոշումները։ Հիմա եթե մենք կուլ ենք տալիս խայծը եւ ասում՝ այո, պատրաստ ենք իրենց ձեւաչափով, չեզոքացնում ենք միջազգայնորեն հաստատված Արցախի սուբյեկտայնության փաստը։ Ուստի, այո, պատրաստ ենք բանակցային գործընթացի, բայց միջազգայնորեն ընդունված ձեւաչափով։

– Փաստորեն, ուղիղ բանակցություններ չեն լինի, իսկ ձեր մատնանշած տարբերակին էլ Ադրբեջանը չի համաձայնի, ի՞նչ կլինի հետո։

– Եթե իրենք չեն համաձայնում, մենք համաձայնենք, հա՞։ Մոռանալ սուբյեկտայնությունը, գնանք աբորիգենի կարգավիճակով ուղիղ խոսենք Բաքվի հետ, դա՞ եք ուզում։ Դրա համար շատ կարեւոր է սկզբունքայնություն ձեւավորել, առանց սկզբունքայնության չկա սուբյեկտայնություն։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930