Դոնդողով դիմակները հիմնականում օգտագործում են դեմքի մաշկի ճարպոտ փայլը վերացնելու, սև կետերը, պզուկներն ու պիգմենտային բծերը նվազեցնելու, ինչպես նաև մաշկն ավելի նուրբ ու հարթ դարձնելու համար։ Դոնդողը նաև երիտասարդացնող ազդեցություն ունի, քանի որ կոլագեն է պարունակում։
Դոնդողով դիմակ տարիքային գծերի դեմ
Փոքր կաթսայի մեջ լցնել 2 թ.գ. մեղր, դոնդող, ինչպես նաեւ 4 ճ.գ. գլիցերին և թորած ջուր: Բոլոր բաղադրիչները խառնել և դնել մարմանդ կրակի վրա մինչև դոնդողն ամբողջությամբ լուծվի, ապա կրկին ավելացնել 4 ճ.գ. ջուր, խառնել և կրակից վերցնելով՝ թողնել սառչի։
Դիմակը քսել դեմքին՝ գծերի շրջանում ու սպասել 20-30 րոպե, այնուհետև հանել թաղանթային շերտի վերածված դիմակն ու մաշկին խոնավացնող կրեմ քսել։
Կարդացեք նաև
Երիտասարդացնող, մաշկը փափկեցնող դիմակ
1 թ.գ դոնդողին ավելացնել 2 ճ.գ. ջուր և դնել գոլորշու վրա, որպեսզի ուռչի։ Դրանից հետո դոնդողը վերցնել կրակի վրայից, թողնել, որ մի փոքր սառչի ու վրան ավելացնել 1 թ․գ. վարսակի աղացած փաթիլներ և 1 թ.գ. կեֆիր: Խառնուրդը քսել նախապես մաքրված դեմքին մինչև որ մեկ ամբողջական թաղանթ դառնա։
Սնուցող դիմակ բանանով ու դոնդողով
1 թ.գ. դոնդողին եռացրած ջուր ավելացնել և սպասել մինչև ամբողջությամբ ուռչի։ Ստացված զանգվածին ավելացնել 1 ճ.գ. հասած բանանի խյուս, խառնել, դիմակը քսել դեմքին՝ սպասելով 20-30 րոպե, այնուհետև մաքրել գոլ ջրով, որից հետո դեմքին սնուցող կրեմ քսել։
Մաշկը սպիտակեցնող դիմակ
Վարունգի միջուկը մանր քերել և միևնույն հարաբերակցությամբ խառնել քերած վարունգն ու ուռչած դոնդողը և ստացված զանգվածը քսել դեմքին 20-25 րոպեով։ Դիմակը մաքրել սառը ջրով։
Դոնդողով և ակտիվացված ածուխով դիմակ՝ սև կետերի դեմ
Ակտիվացված ածուխի 2 հաբ փոշու վերածել, ավելացնել 1 թ․գ․ արագ լուծվող դոնդող և 1 թ․գ կաթ կամ ջուր։ Բոլոր բաղադրիչները խառնել ու 10-15 վայրկյան տաքացնել միկրոալիքային վառարանում կամ ջրային գոլորշու վրա։ Դիմակը քսել կոշտ վրձինով՝ դեմքի այն հատվածներին, որտեղ սև կետեր կան, այնուհետև թաղանթի վերածված դիմակը հանել և լվացվել սառը ջրով։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ