Զրույց «Քուրդիստան» կոմիտեի նախագահ, Քուրդիստանի համազգային կոնգրեսի պատգամավոր, հայ-քրդական բարեկամության ջատագով Ժենյա Ամիրյանի հետ
– Դուք երկար տարիներ կատարում եք բազմաթիվ աշխատանքներ, որոնք կապված են Հայաստանի ազգային փոքրամասնությունների հետ: Պետք է նշել, որ ազգամիջյան այդ փոխհարաբերությունները Հայաստանում միշտ էլ հարգանքով են ընդունվել…
– Ես մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ եմ, տասնամյակներ շարունակ հասարակական գործունեություն եմ ծավալել, այն մասամբ եղել է հայ եւ քուրդ ժողովուրդների մերձեցման ոչ դյուրին գործընթաց: Երբեմն հնչել են նաեւ հակադարձող կարծիքներ, որոնք ժխտելի են: Արդ նշեմ, որ անցնող ժամանակահատվածում, օրինակ, կանանց կոնֆերանս ենք ունեցել Երեւանում, որը նվիրված էր քուրդ ժողովրդի առաջնորդ Ա. Օջալանի գերեվարմանը։ Մասնակիցները, որոնք տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին (եւ ոմանք՝ արտերկրից), իրենց ելույթներում դատապարտում էին թուրքական այսօրվա իշխանությունների գործելակերպը… Աշխարհի 22 երկրների թվով 350 իրավապաշտպաններ հայտ են ներկայացրել Թուրքիայի արդարադատության նախարարությանը՝ այցելելու Էմրալի կղզու բանտ, որտեղ մեկուսարանի մեջ է պահվում մեր քրդական առաջնորդը՝ Օջալանը: Մենք, իհարկե, Հայաստանում ապրելով, չենք նկատում ատելություն կամ քաղաքական այլեւայլ նեգատիվ երեւույթներ այլազգիների նկատմամբ։ Մենք Հայաստանում միշտ զգացել ենք, որ հանձին հայոց պետականության՝ ունենք ապահով, խաղաղ տանիք: Անշուշտ, հոգատարությամբ ենք շրջապատված եղել միշտ էլ: Եվ ճշմարիտ է «Դու որ առվից ջուր ես խմում, պիտի երբեք քար չնետես եւ չպղտորես» առածը……Հավատարիմ մնալով այս իմաստուն պատգամին, ես նվիրվել եմ հայոց հող ու ջրին, կենցաղին, ազգային սովորույթներին եւ Հայաստանը համարում եմ իմ երկրորդ հայրենիքը: Անկեղծորեն նշեմ, որ եթե չլիներ հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքը, ես կարտագաղթեի այլ երկիր, որի հնարավորությունը միշտ էլ ունեցել եմ:
– Դուք ավանդույթներ ունեք, ծեսեր, որոնք հայերիս նույնպես հարազատ են եւ շատ դեպքերում՝ միանման։
Կարդացեք նաև
– Այո՛, այո՛: Մենք ունենք միանման մոտեցումներ եւ խոհանոցի, եւ կենցաղում, ավանդապաշտումներում. հարսանիքները, տարաբնույթ տոները համարյա նույնանման են: Ի վերջո, դարեր շարունակ կողք կողքի ենք ապրել հաշտ ու խաղաղ պայմաններում։ Իհարկե, կան նաեւ պատմական դաժան իրողությունների օրինակներ, ոչ ցանկալի պատմական անցուդարձեր, որոնք հրահրվել են մեր ընդհանուր ոսոխի կողմից եւ դատապարտելի են…
– Քրդական բանահյուսական նմուշներ կան, որոնք թեմատիկայի առումով մոտ են հայկականին: Երգեր ու հեքիաթներ կան, որոնք շոշափում են բարիդրացիության, ժողովուրդների բարեկամության, մերձեցման խնդիրներ:
– Մեր տոնական միջոցառումներում, հանդեսներում օգտագործվում են մշակութային տարաբնույթ ծրագրեր, որոնք ընդհանրապես համամարդկային թեմաներ են շոշափում։ Դրանք տարբեր ազգերի միասնականության առավել արդիական խնդիրներ են արտահայտում:
– Դուք փորձությունների միջով անցած հասարակական գործիչ եք, այս նոր փորձության օրերին ի՞նչ կցանկանաք:
– Այսօր թող ոչ մի գերտերություն զենք չմատակարարի անմեղ մարդկանց բնաջնջելու համար։ Թող Աստված բոլոր ազգերին տեր ու պահապան լինի: Եվ այն, ինչը ամենաթանկն է՝ կյանքը մարդու համար` թող պահպանվի, մարդ արարածը ապրի այնպես, ինչպես Տերն է կամենում:
– ՀՀ-ում կատարվող կրթամշակութային տեղաշարժերն ինչպե՞ս են ընդունվում Ձեր համայնքի կողմից:
– Անչափ ուրախ եմ այդ փաստով եւս, որ ապրում ենք, խաղաղ, անկախ երկրում, որտեղ ունենք քրդական դպրոցներ, քրդական ռադիոհաղորդումներ, «Զագրոս» քրդական հայալեզու թերթ: Եվ ունենք բազմաթիվ ձեռնարկումներ, որոնք միացնող կամրջակապ են մեր երկու ժողովուրդների մշակույթների համար:
Ես քանիցս եղել եմ արտերկրում (շուտով նաեւ Բրյուսել պիտի մեկնեմ՝ ելույթ ունենամ), եւ ներկայացրել եմ խաղաղարար բազմաթիվ գաղափարական տեսակետներ, որոնք մոլորակում ապրող տարալեզու ազգերի շահերից են: Բրյուսելում Քուրդիստանի համազգային վեհաժողովում ելույթ եմ ունեցել, որն ունկնդրել են բազում ազգերի ներկայացուցիչներ (այդ համաշխարհային հավաքը տեւեց գրեթե երկուսուկես ժամ)։ Խոսել եմ նաեւ հայ ազգի հոգատարության ու սրտացավ վերաբերմունքի մասին, որոնք դրսեւորվում են Հայաստանում ապրող, փոքրամասնություն կազմող ազգերի հանդեպ։ Ես գնահատում եմ մարդկային արժանապատվությունն ու բարոյական նորմերը եւ փորձում եմ՝ որպես հասարակական գործիչ, տարբեր ազգերի մտավորականների հետ, մերձեցման հիմնահարցեր մշակել, ներդնել, ամրացնել այլազգիների միջեւ մարդասիրական կապերը:
Հարցազրույցը՝
Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
22.11.2022