Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի հպարտությունը՝ Վերսալ

Նոյեմբեր 23,2022 13:30

Արքայական շնչից մինչեւ խաղաղության պայմանագրեր

Ֆրանսիական թագավորների երբեմնի նստավայր Վերսալն, անշուշտ, ողջ Ֆրանսիայի հպարտությունն է եւ հիմնական այցեքարտերից մեկը։ Այն պալատական ու այգիների հոյակերտ անսամբլ է։ Վերսալը գտնվում է Փարիզից 20 կմ հեռավորության վրա։ Վերսալի պալատը ձեւավորվել է 17-րդ դարի կեսերին՝ Արեւ արքա Լյուդովիկոս 14-րդի նախաձեռնությամբ։ Պալատի ոսկեզօծ դարպասների մոտ վեր է խոյանում Լյուդովիկոս 14-րդի արձանը։ Մուտքի մոտ մշտապես հսկայական հերթեր են։


Պալատական համալիրի գեղեցկագույն մասն են կազմում այգիները, որտեղ ավելի քան 400 քանդակներ են տեղադրված, կա նաեւ 1400 շատրվան։ Վերսալյան այգիների արեւմտյան մասում 1,6 կմ-անոց ջրանցք կա, ասում են՝ Լյուդովիկոս 14-րդը շատ է սիրել նավարկել այդ ջրանցքով։ Ի դեպ, Վերսալյան այգում զբոսնելու համար ժամանակին դրես կոդ էր սահմանված՝ պետք էր լավ հագնված լինել։


Պալատը 700 սենյակ ունի, կահկարասու մաս կազմող բաղադրիչները 5000-ից ավելի են։

Ի թիվս այլնի՝ առանձնանում է նաեւ փոքր Տրիանոն, որը Լյուդովիկոս 16-րդի կնոջ՝ Մարի Անտուանետի նստավայրի մաս էր կազմում։ Այն օժտված է յուրահատուկ նրբագեղությամբ։



Ընդհանրապես, Վերսալը բառերով ներկայացնելն անպտուղ գործ է, եւ մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ այցելի ֆրանսիական շքեղությունն ու պատմության շունչն ամփոփող այս չքնաղ վայրը ու մշակութային շոկ ապրի։

Պալատի հայելապատ սրահն ավելի քան 73 մետր է, լայնությունն էլ 10-ից ավելի։ Ասում են, երբ կառուցվում էր այս սրահը, հայելիներ արտադրելու մոնոպոլիան Վենետիկի ձեռքում էր, բայց ֆրանսիացիներին հաջողվել էր պալատի համար հայելիներ ձեռք բերել։ Ու հայտնի չէ, թե որքանով է տարածված այս զրույցը հավաստի, բայց ասում են, որ դրանից հետո իտալացիները սպանել են հայելիների գաղտնիքը ֆրանսիացիներին հայտնած վարպետներին։

Հայելապատ սրահում շուրջ 360 հայելի է տեղադրված, իսկ Վերսալյան պալատի հյուսիսային թեւում արքայական օպերան է։

1783 թ. Վերսալում կնքվել է հաշտության պայմանագիրը, որով ավարտվել է 1775-1783 թթ. ԱՄՆ-ի անկախության պատերազմը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հենց Վերսալի հայելապատ սրահում ստորագրվել է նաեւ Վերսալի խաղաղության պայմանագիրը:

Ի դեպ, Ֆրանսիական հեղափոխության ժամանակ արքայական հավաքածուի նմուշների մի մասը՝ արվեստի բացառիկ գործեր, տեղափոխվել է Լուվր։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
22.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930