Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանցի երիտասարդ դիրիժորը կարիերա է անում Հայաստանում

Նոյեմբեր 23,2022 12:30

Հարցազրույց Քավե Զյուլեի հետ

– Հարգարժան Քավե, վերջին շրջանում երեւանյան մշակութային կյանքում չասենք հաճախ, բայց երբեմն հանդիպում ենք ձեր ղեկավարած «Կանդինսկի» սիմֆոնիկ նվագախմբի ելույթներին։ Ձեր մասին՝ իբրեւ դիրիժոր, մեր հանդիսատեսի տեղեկությունները շատ չեն։ Ընդամենը գիտենք, որ ծնվել եք Թեհրանում, սովորում եք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Բայց մի բան ակնհայտ է. ուսմանը զուգահեռ սեփական նախաձեռնությամբ հավաքել եք սիմֆոնիկ նվագախումբ, դա ոչ թե քչերին, այլ եզակիներին է հաջողվում։ Նախ կխնդրեինք ինքներդ ներկայացնել ձեզ։

– Ինչպես ասացիք՝ Թեհրանից եմ, ուսանել եմ տեղի արվեստների համալսարանում՝ կոմպոզիտորական բաժնում, ստեղծագործել եմ կամերային-գործիքային, երգչախմբային երկեր, որոնք ուսմանս տարիներին կատարվել են։ Մինչ համալսարանը հաճախել եմ դաշնամուրի դասերի տարբեր դասախոսների մոտ, այդ թվում՝ հայազգի։ Նույնիսկ դաշնամուրի առաջին դասերից մեծ հետաքրքրություն եմ ունեցել դիրիժորական արվեստի հանդեպ։ Պատանի հասակում արդեն հաճախում էի Թեհրանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փորձերին՝ անպայման պարտիտուրով։ Տարբեր դիրիժորների փորձերի եմ ներկա եղել, կուզեի առանձնացնել հատկապես մաեստրո Ալի Րահբարիի փորձերը։ Այս դիրիժորի, ջութակահարի, կոմպոզիտորի անունը պետք է որ ձեզ հայտնի լինի. նա տարիներ շարունակ հանդիսացել է Հերբերտ ֆոն Կարայանի ասիստենտը, մշտապես համագործակցում է հեղինակավոր նվագախմբերի հետ, այդ թվում, օրինակ՝ Վիեննայի, իսկ ընդհանրապես իր գործունեության ընթացքում ղեկավարել է շուրջ 140 նվագախումբ։ Ֆոն Կարայանի հուշերում գրված է, որ ինքը գնում էր տարբեր դիրիժորների համերգների, բայց մինչեւ վերջ լսել է միայն մեկ դիրիժորի՝ Ալի Րահբարին։ Մինչ այսօր մեկնաբանում եմ այնպիսի ստեղծագործություններ, որոնց մեծ մասը, կարելի է ասել՝ ուսումնասիրել եմ ներկա գտնվելով մաեստրոյի փորձերին, օրինակ՝ նոյեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Դվորժակի 9-րդ սիմֆոնիան, որն իմ առաջին գործերից էր։ Ստացվել է այնպես, որ դեռ մանկուց մեծ է եղել շփումս հայ համայնքի հետ, դասախոսներիս 90 տոկոսն էլ հայ պրոֆեսորներ են եղել եւ շատ բնական է, որ դիրիժորական դասեր առնելու նպատակով ընտրեցի Երեւանի կոնսերվատորիան, 2018-ին ընդունվեցի եւ ուսանում եմ պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ։ Հիմա արդեն 4-րդ կուրսում եմ։

Ինչ վերաբերում է տարիների երազանքիս իրագործմանը՝ հավաքել սիմֆոնիկ նվագախումբ, ինձ մոտ ստացվեց։ Այսօր նվագախմբում շուրջ 75 երաժիշտ է, որոնց թվում կան ե՛ւ ուսանողներ, ե՛ւ արդեն ուսումն ավարտածներ։ Ես շատ շնորհակալ եմ իմ համախոհ գործընկերներից։

– Հետեւելով ձեր համերգների հայտագրերին, կարելի է նկատել, որ բացի հանդիսատեսին քաջածանոթ համաշխարհային երաժշտական գրականության նմուշներից, անդրադառնում եք նաեւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին, բայց ոչ հայ կամ՝ ինչպես ասում են՝ «դեղի համար» մի հայ հեղինակ չես գտնի, ինչո՞ւ։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 11-ին կայացած համերգին, գիտենք, որ ներկա է գտնվել Նոր Զելանդիայից կոմպոզիտոր Ադրիեն դե Քրոյը, որն իր առաջին սիմֆոնիայի պրեմիերան իրականացրել է Երեւանում։

– Պատասխանը շատ պարզ է. աննկարագրելի պարտավորեցնող է եւ մեծ պատասխանատվություն Հայաստանում ներկայացնել հայ հեղինակի։ Նույնն է, թե Գերմանիայում ներկայացնեք, ասենք՝ Բեթհովեն։ Սա իմ կարծիքն է։ Իսկ հայ հեղինակի ներկայացնել դեռ չեմ շտապում, բայց վստահ եմ, որ այդ օրը շատ հեռու չէ։ Դե Քրոյից բացի, Երեւանում առաջին անգամ կատարել ենք ժամանակակից կոմպոզիտորների՝ իտալացի Անտոնինո Բոլոյի, Ալբերտո Մոլինարիի, գերմանացի Ստեֆան Քրաուզի եւ Քուվեյթի օպերային թատրոնի տնօրեն Աբդուլահ Խալաֆի գործերը։

Դիրիժորը՝ Ադրիեն դը Քրոյի հետ

– Ողջունելի է նաեւ այն հանգամանքը, որ որպես մենակատարներ հրավիրում եք մեր երաժիշտներին…

– «Կանդինսկի» նվագախմբի հետ որպես մենակատարներ ելույթ են ունեցել դաշնակահարներ Տիգրան Պետրոսյանը, Վալերի Այվազյանը եւ այլն, որոշ ստեղծագործություններ մեկնաբանելիս մենակատարների դերում հանդես են գալիս նաեւ նվագախմբի երաժիշտներից։

– Ձեր թույլտվությամբ անդրադառնանք նվագախմբի ստեղծմանը։ Նշեցիք, որ կան ուսանող երաժիշտներ, որոնց, բնականաբար, պետք է հետաքրքրի վարձատրությունը՝ թեկուզ ուսման վարձ վճարելու համար։ Եվ ընդհանրապես, այսօր մեզ մոտ նվագախմբի արտիստը միաժամանակ աշխատում է մի քանի տեղ…

– Նշեմ, որ առաջին օրվանից նվագախումբը ընդունել է ինձ, իսկ ֆինանսավորումը հոգում եմ անձնական կապերի շնորհիվ։

– Նվագախումբը ունի՞ հայաստանցի հովանավոր։

– Ոչ։ Ես դեռեւս հայաստանցի որեւէ հովանավորի չեմ դիմել։

– Անձնական կապերն օգտագործելը հասկանալի է։ Իսկ ընդհանրապես ինչպե՞ս են գտնվում այլ հովանավորները։

– Շուրջ երկու տարի առաջ նվագախմբի ստեղծման առաջին ամիսներին, ինչպես ասացիք, այլ հովանավորներ գտնելը դյուրին չէր, իսկ հիմա արդեն իրենք են գտնում մեզ։ Այդ հարցում օգնականը մեկն է՝ համացանցը։ Ի վերջո, «Կանդինսկին» անդրադարձել է 20 երկրի ժամանակակից կոմպոզիտորների արվեստին, նաեւ դա է դեր խաղում։

– Երբեւէ չե՞ք մտածել, որ դուք ճիշտ ժամանակին ճիշտ վայրում եք հայտնվել. Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ չունի պետական երիտասարդական նվագախումբ։ Զրույցից էլ պարզ է, որ դիրիժորի ձեր կարիերան սկսել եւ մտադիր եք շարունակել մեր երկրում։ Չե՞ք հավակնում պետական երիտասարդական նվագախմբի կարգավիճակի՝ միայն թե ոչ 19-րդ դարի վերջի, 20-րդ դարասկզբի կերպարվեստի ռուս անվանի տեսաբան, գրաֆիկական աշխատանքներով հռչակված Վասիլի Կանդինսկիի անունով։ Ի դեպ, ինչո՞ւ «Կանդինսկի»։

– Ձեր թույլտվությամբ պատասխանեմ հարցի միայն երկրորդ մասին. ի կզբանե եւ այսօր էլ հետաքրքրված եմ աշխարհի տարբեր ազգերի մշակույթով՝ ոչ միայն երաժշտարվեստի ոլորտում։ Երբ երաժիշտներիս հետ որոշում էինք նվագախմբի անունը, առաջինը, որ մտքումս ծագեց՝ Կանդինսկին էր, որի արվեստով հիացած եմ։ Այսքանը։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարներում՝
«Կանդինսկիի» ելույթը երեւանյան դահլիճներում։

«Առավոտ» օրաթերթ
22.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930