Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Սվինները ճոճելու պատճառները

Նոյեմբեր 23,2022 12:00

Էրդողանն ու Ալիեւն առաջիկայում Հայաստանին աջակցող երկրների ընդունած բանաձեւերն ու հայտարարությունները ներկայացնելու են որպես՝ «Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորմանը խոչընդոտող» քայլեր

Անցյալ շաբաթ, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը՝ 295 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց բանաձեւը, որով կոչ արեց կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, իսկ Բաքվից պահանջեց՝ Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերել, հայ ռազմագերիներին ազատ արձակել, Բաքվից ու Անկարայից բավական կտրուկ արձագանքներ հնչեցին:

Կարելի է հասկանալ Անկարայի ու Բաքվի ջղաձիգ պահվածքը, չէ՞ որ փաստաթղթի հեղինակները զուգահեռներ էին անցկացնում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետ, մասնավորապես, Բրյունո Ռետայոն շեշտել էր. «Ինչպե՞ս է պատահում, որ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը, Ուկրաինայի ինքնիշխանությունը, եւ դատապարտվում է, ենթարկվում է պատժամիջոցների, այնինչ Ադրբեջանի, Թուրքիայի դեպքում՝ ոչինչ։ Ամոթ է, ի՞նչ է սա նշանակում, Ուկրաինայի ինքնիշխանությունն ավելի՞ն արժե, քան Հայաստանինը։ Ռուսաստանը պատերազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում, նույնկերպ ռազմական հանցագործություններ են կատարվել Հայաստանում, բայց դրանց ոչինչ չի հետեւել»:

Ուշագրավ էր պատգամավոր Պիեռ Ուզուլիասի քննադատությունն ուղղված Եվրամիությանը, որ՝ ռուսական գազը ադրբեջանական կապույտ վառելիքով փոխարինելով՝ աչք է փակում Հայաստանի տարածքային ինքնիշխանության ոտնահարումումների վրա. «Ադրբեջանն օգտվում է ռուս-ուկրաինական պատերազմից՝ փորձելով սահմաններն առաջ տանել։ Տհաճ է, որ Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում գազային պայմանագիր է կնքել ու Ադրբեջանին համարել իր գործընկերը։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք մոռանալ մեր բոլոր արժեքներն ու սկզբունքները՝ նավթի եւ գազի դիմաց»։ Սա, ըստ էության, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հարցազրույցի կարեւոր ուղերձի լրացումն էր, եւ ուղղված էր առավելապես ԵՄ երկրներին, որոնք Ադրբեջանից ինչ-ինչ ակնկալիքների դիմաց «չեզոքություն» են դրսեւորում:

Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձեւը, ճիշտ է, խորհրդատվական բնույթ ունի, երկրի ղեկավարի ու կառավարության կողմից հաստատման կարիք չունի, սակայն այն ունի քաղաքական կարեւոր նշանակություն: Որպես ԵՄ-ի առաջատար պետության, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ երկրի Սենատի կողմից նման բանաձեւի ընդունումն ազդեցիկ է։ Այդ իսկ պատճառով այդ փաստն Ադրբեջանում ու Թուրքիայում սվիններով ընդունեցին:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, թե Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը եւս մեկ անգամ ի ցույց է դնում Փարիզի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը մտադրություն է հայտնում նպաստելու հայ-ադրբեջանական կարգավորմանը։ «Խրախուսելով Հայաստանի ռեւանշիստական ուժերին՝ Սենատի բանաձեւը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը եւ հեռու է բանաձեւի վերնագրում նշված «կայուն խաղաղության խթանումից», – ասված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում: Փաստաթղթում արված պնդումները, ըստ Բաքվի, «կեղծ են, զրպարտիչ ու բացահայտ սադրանք՝ խաթարելու բանակցությունները»: Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ ընդգծել էր, թե՝ Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված անբաժանելի տարածքն է, իսկ այդ տարածաշրջանում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի ներքին հարցն են եւ ապահովվելու են Ադրբեջանի սահմանադրության դրույթներին համապատասխան, այսինքն՝ Ադրբեջանի ներքին գործն են. «Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» մասին բանաձեւում տեղ գտած մտքերը զավեշտալի են»:

Այսպիսով, պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտեց Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւը՝ նշելով. «Ֆրանսիայի Սենատի բանաձեւը սադրիչ բնույթ ունի եւ վնասում է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ Ընդ որում, ուշագրավ էր, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետեւյալ արձանագրումը, թե այդ բանաձեւով՝ խաթարվում է «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

Չուշացավ նաեւ Թուրքիայի նախագահի արձագանքը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտեց Ֆրանսիայի Սենատին՝ «հակաադրբեջանական բանաձեւ ընդունելու համար»։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի ղեկավարը նշել էր, թե այդ փաստաթուղթը՝ «ոտնձգություն է անում Ադրբեջանի ինքնիշխանության դեմ»։ Էրդողանը հարկ էր համարել պարզաբանել. «Ադրբեջանը ոչ մեկի հողերին չի հավակնել, այլ ազատագրել է իր սեփական տարածքները, որոնք գրեթե 30 տարի առաջ օկուպացվել են Հայաստանի կողմից՝ չնայած ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի բանաձեւերին։ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված որոշումը կատարյալ աղետ ու սկանդալ է»: Թուրքիայի նախագահը նաեւ կոչ էր արել միջազգային հանրությանը արձագանքել այս բանաձեւն ընդունած ֆրանսիացի խորհրդարանականների գործողություններին։

Թուրքիայի նախագահի այս կտրուկ գնահատականից հետո, սակայն, Բալիում G20-ի շրջանակներում կայացավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ըստ cnnturk.com-ի, հանդիպմանը քննարկվել են Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների, պաշտպանության, էներգետիկայի, առեւտրի ոլորտներում փոխադարձ համագործակցության հետ կապված հարցեր, Թուրքիայի եւ Ֆրանսիայի գործակցության հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են նաեւ հացահատիկի գործարքի երկարաձգման հնարավորությանը: Նկատելով, որ հացահատիկային միջանցքը ինտենսիվ ջանքերից հետո նորից սկսել է գործել՝ Էրդողանը նշել է, որ Եվրամիությունը նույնպես պետք է իր ներդրումն անի համաձայնագրի շարունակման համար։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ Թուրքիա-Հունաստան հարաբերություններում առկա իրավիճակին:

Այս հանդիպումից հետո պաշտոնական Անկարան մեկ անգամ եւս կրկնեց դիրքորոշումը: Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահը Նուման Քուրթուլմուշը կուսակցական ժողովում անդրադարձել էր Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւին: Քուրթուլմուշը, նշելով, որ որոշ երկրներ համաձայն չեն՝ «Ադրբեջանի հողերի ազատագրման հետ», նշել էր. «Ֆրանսիան խոսում է Ադրբեջանի դեմ մի շարք պատժամիջոցներ կիրառելու մասին: Նախ, դու խոսիր այն մասին, թե արդյոք 30 տարվա ընթացքում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամ, դու գեթ մի նախադասություն ասացիր, որը կլուծեր Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրը։ Գոնե մեկ քայլ արե՞լ եք»: Քուրթուլմուշը Ֆրանսիային մեղադրել էր՝ «ադրբեջանական հողերի օկուպացիայի» վրա աչք փակելու եւ Հայաստանին նպաստող քաղաքական նախադրյալներ ապահովելու մեջ. «Այժմ էլ եկել Ադրբեջանի դեմ այսպիսի բաներ եք խոսում: Այսպես չի լինի: Ղարաբաղը Ադրբեջան է ու մինչեւ երկնային դատաստանի օրն էլ Ադրբեջանինն է լինելու»։

Ֆրանսիայի Սենատի բանաձեւի ընդունումից օրեր անց Թունիսի Ջերբա քաղաքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովն էր: Հայաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը ներկայացնելով պաշտոնական Երեւանի դիրքորոշումը՝ կտրուկ քննադատեցին Ադրբեջանի իշխանություններին:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանում ունեցած ելույթում խոսեց հակամարտությունների քանակի բազմապատկման մասին՝ նկատելով, որ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հարգման վրա խարսխված հավաքական անվտանգության մեխանիզմները, մասնավորապես՝ ինքնիշխան իրավահավասարությունը, որեւէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժի չկիրառումն այլեւս չեն կարող երաշխավորել պետությունների անվտանգությունը որոշ պետությունների ագրեսիվ քաղաքականությունից։ «Վերջինիս առաջին զոհերից էր Հայաստանը, որի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ սկսած անցած տարվա մայիսից, վերջին անգամ՝ այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանն իրականացրել է ագրեսիաներ, ինչը հանգեցրել է մեզ բոլորիս հայտնի հետեւանքների. ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, հազարավոր տեղահանվածներ եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում։ Չմոռանանք նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների, ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ իրականացված սոսկալի վայրագությունների մասին, որոնք սարսափեցրել են աշխարհը»։

Միրզոյանը շեշտեց, որ լարվածությունն այսօր էլ պահպանվում է Ադրբեջանի հետ մեր սահմանին, եւ չնայած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու վերաբերյալ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության եւ Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ։ «Այս առումով մենք ողջունում ենք, որ բազում երկրներ ճանաչել են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փաստը եւ պահանջել ադրբեջանական ուժերի դուրս բերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը, եւ շնորհակալություն է հայտնում միջազգային այն գործընկերներին, որոնք ջանքեր են գործադրում դրան հասնելու համար»,- եզրափակեց Միրզոյանը։

Պաշտոնական Երեւանի համար այս փուլում խիստ կարեւոր է միջազգային հանրության աջակցությունը, մանավանդ այն պարագայում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկիրը՝ Ռուսաստանը, որը միաժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, եւ ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն է իրականացնում, կաշկանդված է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հստակ դիրքորոշմամբ հանդես գալու հարցում:

Ինչ վերաբերում է Անկարայի ու Բաքվի դիրքորոշումներին, ապա ակնհայտ է, որ Էրդողանն ու Ալիեւն առաջիկայում Հայաստանին աջակցող երկրների, կազմակերպությունների ընդունած բանաձեւերն ու հայտարարությունները ներկայացնելու են որպես՝ «Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորմանը խոչընդոտող» քայլեր, կարծես, գործնականում այդ խնդիրների կարգավորման գործընթացը խոչընդոտողն իրենք չեն:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 22.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930