Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգվածային բռնաճնշումները փոխարինվում են «կետայիններով»

Նոյեմբեր 23,2022 15:00

Եվ դա տոտալիտար եւ ավտորիտար ռիժիմների միակ տարբերությունը չէ

Ինչո՞վ է տոտալիտարիզմը տարբերվում ավտորիտարիզմից: Չափանիշները շատ են, բայց Հայաստանի դեպքում կարեւոր են մի քանիսը: Նախ՝ իհարկե, ժամանակակից ավտորիտարիզմը կամ, ինչպես այժմ երբեմն դա անվանում են, «հիբրիդային ռեժիմը» մեծ ջանքեր է գործադրում՝ ժողովրդավարություն ձեւանալու համար: Դա, ընդհանուր առմամբ վատ չէ, որովհետեւ ինչ-որ բանի իմիտացիան նշանակում է, որ հոգու խորքում այն, ինչին փորձում եք նմանվել, դուք, մեծ հաշվով, գերադասելի եք համարում: Պատկերացրեք մի մարդու, որը տանը ճաշը ձեռքերով է ուտում, իսկ հյուր գնալիս՝ դանակ-պատառաքաղով: Ուրեմն, նա հոգու խորքում կարծում է, որ ճիշտը դա՛ է, պարզապես իր վայրենի դաստիարակությանն ու էությանը դա հակասում է:

Պուտինը եւ Լուկաշենկոն այժմ ժողովրդավար ձեւանալու կարիք չունեն: Առաջ նրանք, իրարկե, պնդում էին, որ իրենց ժողովրդավարությունը «ուրիշ է»: Այդ առիթով թույլ տվեք մի մեջբերում անել. «Սակայն ի՞նչ է ժողովրդավարությունը: Մի՞թե Տեր Աստվածը դեմոկրատիայի գաղտնիքները պարզել է միայն Չերչիլի եւ Դաֆ Կուպերի հետ: Ես ոչ նվազ դեմոկրատ եմ, քան իրենք»: Այդ խոսքերի հեղինակը ոչ այլ ոք է, քան Ադոլֆ Հիտլերը՝ այդպես է նա 1938 թվականի նոյեմբերին հակադարձել այն քննադատներին, որոնք պնդում էին, որ Գերմանիայի հետ պետք չէր Մյունխենյան պայմանագիր ստորագրել: Այստեղ տեղը չէ մանրամասն վերլուծել այդ խնդիրը. մեր թեմայի շրջանակներում կարեւոր է իմանալ, որ նույնիսկ Հիտլերին էր երբեմն պետք ժողովրդավար ձեւանալ:

Այսպիսով, կուսակցությունները, ընտրությունները, խորհրդարանը, ընդդիմությունը, լրատվամիջոցների մի սեգմենտի ազատությունը եւ այլն՝ այդ ամենը, ինչպես ասում են, «խաբուսիկ են»՝ ամեն ինչ մեկ մարդ է որոշում: Բայց ավելի լավ է՝ դրանք, թեկուզ ձեւի համար, լինեն, քան չլինեն. երբ այդ զուտ իմիտացիոն կառույցները կան, գոնե տեսական շանս կա, որ դրանք երբեւէ կստանան իրական բովանդակություն:
Այս իմիտացիայի հետ կապված նշենք ավտորատարիզմի մեկ այլ առանձնահատկություն. բռնաճնշումներն այս պարագայում «կետային» են, ոչ թե զանգվածային: Տոտալիտար Խորհրդային Միությունը դաժանորեն հետապնդում էր «ցարիզմի բոլոր մնացուկներին»՝ ազնվականներին, սպաներին, մտավորականներին, կուլակներին, իսկ այնուհետեւ՝ հենց բոլշեւիկներին, ինպես նաեւ միլիոնավոր խեղճուկրակ մարդկանց, որոնց կպցնում էր այս կամ այն պիտակը:

Ավտորիտարիզմի ժամանակ «նախկինների» զանգվածային բռնաճնշումներ չկան: Քոչարյանի օրոք հետապնդում էին Սիրադեղյանին եւ Բլեյանին, Սարգսյանի օրոք՝ «մարտի 1-ի» իրադարձությունների մասնակիցներին, հեղափոխությունից հետո՝ Մանվել Գրիգորյանին, Հրայր Թովմասյանին, Արա Սաղաթելյանին եւ այլոց: Հիմա հերթի մեջ է Արմեն Աշոտյանը: Բայց ավտորիտար ռեժիմի էությանն այնպիսին է, որ անհրաժեշտություն չկա «նստացնելու», ասենք, բոլոր ՀՀԿ-ականներին: Այդ ռեժիմի ժամանակ դուք կարող եք մտածել՝ ինչ ուզում եք, հաճախ նաեւ՝ ձեր մտածածը խոսել, եթե դա չի զայրացնում առաջին դեմքին կամ չի վտանգում նրա գահը: Մնացած դեպքերում լուրջ սահմանափակումներ չկան:

Բայց եթե փորձենք բացահայտել, թե ինչով է ավտորիտարիզմը տարբերվում մի կողմից՝ տոտալիտար ռեժիմից, մյուս կողմից՝ ժողովրդավարությունից, ապա դա կլինի որոշումներ ընդունելու ձեւը: Տոտալիտարիզմի ժամանակ բացարձակապես կարեւոր չէ որոշումներ ընդունելիս ստանալ քաղաքացիների հավանությունը: Մնացած երկուսի դեպքում դրա անհրաժեշտությունը կա, պարզապես ավտորիտար կառավարման դեպքում հետադարձ կապի մեխանիզմները չեն աշխատում: Իրականության հետ կապվելու համար կա համացանցը, որտեղ շատ հեշտ է գտնել այն, ինչ համապատասխանում է քո համոզմունքներին: Պաշտոնական հեռուստացույցը (Հայաստանի դեպքում՝ Հ1-ը) ներկայացնում է ղեկավարի աչքը շոյող վարդագույն պատկեր: Պալատական թիմը սովորաբար կազմվում է ոչ կոմպետենտ շողոքորթներից, որոնք փառաբանում են «իմաստուն առաջնորդի» փայլուն որոշումները: Այդ պայմաններում առաջնորդը պարզապես դատապարտված է ոչ ադեկվատ որոշումներ ընդունելուն:

«Իսկ ժողովո՞ւրդը»՝ կհարցնեք դուք: Լինում են ժամանակահատվածներ, երբ ժողովրդի սիրտը բաբախում է առաջնորդի սրտի հետ նույն ռիթմով: Բայց անխուսափելի է, որ որոշ ժամանակ անց այդ բաբախյունները «սինքրոնությունից ընկնեն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930