«Ազատություն» ռ/կ. Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբն այսօր պաշտոնապես խզեց պայմանագիրը պորտուգալացի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Այդ մասին այսօր հայտնել է անգլիական ակումբի մամլո ծառայությունը:
Քաթարում անցած կիրակի օրը մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությանն ընդառաջ Ռոնալդուն The Sun պարբերականին տված հարցազրուցում ասել է, թե հարգանք չի տածում ակումբի նիդերլանդացի մարզիչ Էրիկ տեն Հագի նկատմամբ:
«Մանչեսթեր Յունայթեդի» մամլո ծառայությունը նշում է, որ պորտուգալացու հետ պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
«Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա: Ակումբը նրան շնորհակալություն է հայտնում տարբեր ժամանակաշրջաններում «Օլդ Թրաֆորդում» (թիմի մարզադաշտում) հսկայական ներդրումի համար և ամենայն բարիք է մաղթում: Հիմա մենք կենտրոնացած ենք Էրիկ տեն Հագի ղեկավարության ներքո աշխատելու վրա»,- ասվում է հաղորդագրությունում:
Կարդացեք նաև
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2003-2009, ապա 2021-22 թվականներին ընդհանուր հաշվով անցկացրել է 346 խաղ և խփել է 145 գոլ:
37-ամյա Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» զատ ժամանակին խաղացել է պորտուգալական «Սպորտինգի», իսպանական Մադրիդի «Ռեալի» և իտալական «Յուվենտուսի» կազմում:
Նա հինգ անգամ վաստակել է «Ոսկե գնդակը»: Այս պահին Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում գտնվում է Քաթարում: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ նա կշարունակի կարիերան աշխարհի առաջնությունից հետո: