Աշխարհաքաղաքական առումով Հայաստանի առջեւ նոր դռներ են բացվել, եւ մենք պետք է կարողանանք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական շահն առաջ տանել. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ նոյեմբերի 22-ին խորհրդարանում հյուրընկալելով Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, համաշխարհային քաղաքականության եւ ամերիկագիտության բաժինների մագիստրանտներին:
Պատգամավորն ուսանողներին է ներկայացրել խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները, իր ղեկավարած հանձնաժողովի շրջանակում ծավալվող գործունեությունը, խոսել խորհրդարանական դիվանագիտության, մարդու իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ հարցերի մասին:
Մագիստրանտների խմբում կային նաեւ արցախցի ուսանողներ. առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Արցախյան հիմնախնդրին եւ արցախահայության առջեւ ծառացած մարտահրավերներին:
Ուսանողները հետաքրքրվել են աշխարհաքաղաքական վերադասավորումներով, ռազմագերիներին վերադարձնելու գործընթացով, փախստականներին առնչվող հարցերով:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Թագուհի Թովմասյանը միջազգայնագետներին խորհուրդ է տվել լինել ակտիվ ու պահանջատեր, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի իշխանություններից, այլեւ միջազգային հանրությունից, սեփական խողովակներով, կազմակերպությունների միջոցով մշտապես բարձրաձայնել Հայաստանի եւ Արցախի համար կարեւորագույն հարցերը:
ՀՀ Ազգային ժողով