Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Բ․-ն օգտագործելով իր պաշտոնական դիրքը՝ 2020թ.-ին հանդիսանալով Ազատամուտ բնակավայրի վարչական ղեկավար՝ կադաստրային արժեքից զգալի ցածր գնով համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող, որպես դպրոց նախագծված կիսակառույց շենքն օտարել է Արսեն Գ․-ին, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է զգալի վնաս: 2020թ. մարտի 2-ին իրականացվել է վերոնշյալ շինության կադաստրային գնահատումը, որի արդյունքում ՀՀ անշարժ գույքի և կադաստրի պետական կոմիտեի Իջևանի տարածքային բաժնի կողմից շինության կադաստրային արժեքը գնահատվել է 28.147.000 դրամ, սակայն 2020թ. ապրիլի 22-ին Արթուր Բ․-ի կողմից կազմակերպված աճուրդի ընթացքում շինության վաճառքի մեկնարկային գինը սահմանվել է 10.200.000 դրամ: Աճուրդի ընթացքում 10.710.000 դրամով հաղթող է ճանաչվել Արսեն Գ․-ն։
Արթուր Բ․-ի կողմից թույլ տրված ապօրինության արդյունքում համայնքային բյուջեին պատճառվել է առնվազն 10.400.000 դրամի վնաս: Ըստ ստացված տեղեկությունների աճուրդի մյուս մասնակիցը եղել է Արթուր Ա․-ն, ով ընկերական կապեր ունի Արսեն Գ․-ի հետ:
Aravot-ի տեղեկություններով՝ գործին կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ