Շիրակի մարզպետարանի ֆինանսավորմամբ նոյեմբերի 17-21-ը Շիրակի մարզում անցկացվեց «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 9-րդ պլեները։ Այս անգամ պլեները միավորել էր ՀՀ մարզերից, Արցախից, Ջավախքից և Թբիլիսիից Շիրակ այցելած 25 նկարիչների, որոնք հնարավորություն ունեցան հինգ օրերի ընթացքում շրջել մարզի տարբեր բնակավայրերում և իրենց կտավներում նկարել լույսը՝ մինասյան գույներով: Աշնանային պլեներն այս անգամ ներկայացել է սերունդների երկխոսության տեսքով: Հրավիրվել են թե ուսանողներ, թե պրոֆեսիոնալ՝ տարիների փորձառությամբ ու հեղինակությամբ հայտնի նկարիչներ, ինչը հնարավորություն է պրոֆեսիոնալների կուտակած փորձը սկսնակներին փոխանցելու:
«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 9-րդ պլեները փակվել է մասնակից 25 գեղանկարիչների գործերի ցուցահանդեսով։
Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ և պետական ֆինանսավորմամբ, առաջին պլեներն անցկացվել է 2012 թվականի օգոստոսի 28-ից 31-ը, Թորոսգյուղի տարածքում: Ծրագիրն իր տեսակով առաջինն էր Հայաստանում՝ աշխարհագրությամբ և ծավալներով: Արձագանքը մեծ էր և անհրաժեշտություն զգացվեց այն դարձնելու ամենամյա՝ տարեցտարի մեծացնելով մասնակից պատվիրակությունների թիվը:
Երկամյա ընդմիջումից հետո «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեներն իրականացվեց «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի կողմից։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետարան