Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ժամը 13․30-ից սկսած՝ Գյումրու Թատերական հրապարակում եղևնու վրա է բարձրացել զինվորական հագուստով մի երիտասարդ, որը բարձրախոսով աստվածավախությունից, հայրենասիրությունից է խոսում՝ պարբերաբար սպառնալով թույն խմել։
Արսեն անունով երիտասարդը սկզբում պահանջում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին։ Սրբազանի փոխարեն եկավ այլ հոգևորական, որին սակայն երիտասարդն ամենևին չլսեց, ինքը փորձեց քարոզ անել՝ վերևից տարեց հոգևորականին դիմելով․ «Որդյակ իմ» արտահայտությամբ։
Նկատելի է, որ երիտասարդը բավական լավ տեղեկացված է քաղաքական դաշտից, հատ-հատ հետևում է բոլոր կուսակցությունների գործունեությանը։ Վերջինս ծառից հնչեցրած իր ելույթներում հիշեց, որ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ է ներկայացրել, հիշատակեց նաև «Ազգային ժողովրդական բևեռին»։
Կարդացեք նաև
Հիշեց Պերմյակովի հրեշագործությունը, որը Ավետիսյանների անմեղ ընտանիքին բնաջնջեց։ Նա հայտարարեց, որ մենք անթասիբ ենք, որևէ մեկը տղամարդավարի պատասխան չտվեց, ձայն չհանեց։
«Ո՞ւր է ձեր ինքնասիրությունը, թասիբը՝ կամ պայքարեք, կամ պապանձվեք, ո՞ւր է ձեր հայրենասիրությունը։
Եկեք քննարկենք, ելք գտնենք, եթե չէ, ուրեմն Աստծուց գտնեք սաղդ, իմ մահվան մեղքը լինի ձեր սաղի վզին, ես իմ անձնականի համար չէ, որ այստեղ գտնվում եմ։ Դուք թքած ունեք հայրենիքի վրա, դուք հայրենասեր չեք, դուք ազգ-գաղափար ներկայացնող չեք, հոգևոր արժեք ունեցող չեք, դուք ուտող, զուգարան գնացող, անթասիբ մսագնդեր եք»,-բացականչում էր նա։
Բողոքավորը նեղվեց նաև հասարակությունը նախկիների ու ներկաների բաժանելուց, հայտարարեց, որ զավթված են իշխանությունը, լրատվամիջոցները, նաև հոգևոր աշխարհը։
Պարբերաբար հիշեցնում էր, որ պիտի վախենալ Աստծուց։
Տարբեր քաղաքացիներ փորձեցին բանակցել նրա հետ, հորդորեցին վայր իջնել ու իր գաղափարները հրապարակում ներկայացնել, սակայն ապարդյուն․ վերջինս անդրդվելի է։
Թե ո՞վ է երիտասարդը, հավաքվածները նրան չեն ճանաչում, ոմանք ասում են, թե թատրոնի մոտ է բնակվում, ոստիկանների ասելով էլ՝ ստուգել են, նա իր իսկական անուն-ազգանունը չի ասում։ Լրագրողներից մեկը, տեսնելով նրա դեմքը, կարծես հիշեց, որ նա ակտիվիստ է․ քաղաքական ակցիաների ժամանակ նրան տեսել է նույն բարձրախոսով՝ դիմացի շարքերում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ