Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր այցելել է Մարտունի, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջանի վարչակազմում, ծանոթացել առաջնային նշանակության խնդիրներին: Խոհրդակցությանը մասնակցել են նաև ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանն ամենակարևոր խնդիրների շարքում նշել է բնակարանային ապահովվածության հարցը, որը հատկապես սրվել է 44- օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ենթակառուցվածքների, մասնավորապես՝ դպրոցների նորոգման հարցը:
Ռուբեն Վարդանյանը հետաքրքրվել է բնակարանաշինական ծրագրերով և բնակարանային կարիքների բավարարման ընթացքով: Նա հատկապես ընդգծել է հերթագրման համակարգի թափանցիկության և արդարության սկզբունքների պահպանման կարևորությունը:
Խորհրդակցությունից հետո պետնախարարը հանդիպել է Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների, վարչակազմի ներկայացուցիչների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ:
«Մարտունու շրջանը զգացել է պատերազմի ողջ ծանրությունը, բայց դուք կարողացել եք մեր հայրենիքը պաշտպանել: Հիմա կյանքը շարունակվում է, Մարտունի քաղաքը վերականգնվում է, ու դա ամենամեծ նվաճումն է,- նշել է պետնախարար:- Ես սկսել եմ այս աշխատանքային հանդիպումները, որովհետև ուզում եմ ձեզ հետ կապ ստեղծել, հասկանալ խնդիրները, տեսնել, թե ինչպես եք դուք այստեղ պատկերացնում դրանց լուծումները, որպեսզի որոշումները լինեն հիմնավորված ու արդյունավետ»:
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդանյանը լսել է համայնքների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրները, որոնք վերաբերել են, մասնավորապես, ճանապարհաշինությանը, գյուղտեխնիկայով ապահովվածությանը, բնակիչների կենսապահովման համար գյուղերում անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
Պետնախարարը պատրաստակամություն է հայտնել համայնքներին վերաբերող որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնել հենց համայնքապետերին, լսել նրանց կարծիքներն ու մոտեցումները: «Որոշումները պետք է լինեն հիմնավորված, իսկ դրանց կայացման ընթացակարգերը՝ թափանցիկ: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ չափանիշներով են ընտրվում առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները»,– ընդգծել է Ռ. Վարդանյանը:
Նա տեղեկացրել է, որ բարձրացված հարցերն ուսումնասիրվելու են, քննարկվելու են դրանց լուծման հնարավորությունները:
Այցի շրջանակում Ռուբեն Վարդանյանը եղել է Մարտունի քաղաքի արհեստագործական ուսումնարանում, ծանոթացել պայմաններին, ուսումնական գործընթացին, տնօրեն Արտակ Սարգսյանի հետ քննարկել զարգացման հեռանկարները:
Պետնախարարը ծանոթացել է նաև Մարտունի քաղաքում իրականացվող պետական բնակարանաշինական ծրագրի ընթացքին, այցելել շինարարական հրապարակ:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմ