Լրահոս
Օրվա լրահոսը

Կոճապղպեղն՝ առողջության համար․ մի քանի կարևոր առավելություն

Նոյեմբեր 22,2022 22:00

Կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին խոսվել է բազմիցս, սակայն այն հատկապես «նորաձև» դարձավ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի օրերին՝ որպես հակավիրուսային հզոր ազդեցություն ունեցող բնական միջոց։ Եվ իսկապես, կոճապղպեղը  յուրահատուկ համով ու բույրով հրաշալի համեմունք չէ միայն. այն առողջության համար մի շարք առավելություններ ունի: Ահա դրանցից մի քանիսը։

Կոճապղպեղը պայքարում է մանրէների դեմ

Թարմ կոճապղպեղի կազմում առկա քիմիական միացություններն օգնում են օրգանիզմին պայքարել մանրէների դեմ։ Կոճապղպեղը հատկապես ազդեցիկ է այնպիսի բակտերիաների աճի նկատմամբ, ինչպիսիք են աղիքային ցուպիկն ու շիգելլան։ Կոճապղպեղն արդյունավետ է նաև շնչառական վիրուսների որոշ տեսակների դեմ պայքարում։ 

Հոգում է բերանի խոռոչի առողջության մասին

Կոճապղպեղի հակամանրէային ազդեցությունը դրական է անդրադառնում բերանի խոռոչի առողջության վրա, քանի որ պարունակում է «ջինջերոլներ» կոչվող ակտիվ միացություններ, որոնք խոչընդոտում են բերանի խոռոչի մանրէների բազմացմանը։ Այդ մանրէները, օրինակ, կարող են հարուցել պարոդոնտոզ՝ լնդերի լուրջ ինֆեկցիա։ 

Հանգստացնում է սրտխառնոցը

Կոճապղպեղն օգնում է ազատվել աղիներում կուտակված գազերից՝ թեթևացնելով սրտխառնոցը։ Այս հատկությունը բավականին օգտակար կարող է լինել հղիության ժամանակ պարբերաբար առաջացող սրտխառնոցի դեմ պայքարում։

Հանգստացնում է մկանային ցավերը

Կոճապղպեղն, իհարկե, մկանային ցավերի դեպքում րոպեաբար ազդող ցավազրկողի դեր չի կատարի, սակայն  կարող է կրճատել ցավային զգացողությունները, որոնք առաջանում են, օրինակ, մարզվելուց հետո։ 

Թեթևացնում է արթրիտի ախտանշանները

Կոճապղպեղն օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ։ Այդ հատկությունը կարող է օգտակար լինել ռևմատոիդ արթրիտի ախտանշանների բուժման ժամանակ։ Դուք կարող եք թեթևացնել արթրիտի առաջացրած ցավերն ու այտուցը սննդում կոճապղպեղ օգտագործելով կամ էլ մաշկին կոճապղպեղի թուրմով թրջոցներ դնելով։ 

Ունի հակաքաղցկեղային ազդեցություն

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կոճապղպեղի կենսաբանորեն ակտիվ նյութերը կարող են դանդաղեցնել քաղցկեղի որոշ տեսակների բջիջների աճը։ Հատկապես առանձնացվում է հաստ աղիքի, ստամոքսի, լյարդի, ձվարանների, մաշկի, շագանակագեղձի, կրծքագեղձի քաղցկեղը։ Սակայն դեռ մի շարք հետազոտություններ են անհրաժեշտ այս պնդման հավաստիությունն ապացուցելու համար։ 

Նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը

Կոճապղպեղը նպաստում է օրգանիզմի կողմից ինսուլինի ավելի լավ յուրացմանը։

Թեթևացնում է դաշտանային ցավերը

Մի հետազոտությունում այն կանայք, որոնք դաշտանային ցիկլի ժամանակ 3 օր շարունակ կոճապղպեղի փոշի էին ընդունել, ավելի քիչ ցավեր են զգացել, քան այն կանայք, որոնք կոճապղպեղ չէին օգտագործել։

Նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը

Մեկ այլ հետազոտությամբ ցույց է տրվել, որ 3 ամիս շարունակ օրական 5 գրամ կոճապղպեղի ընդունումը կարող է նվազեցնել արյան մեջ «վատ խոլեսթերինի» մակարդակը։ 

Պաշտպանում է մի շարք հիվանդություններից

Կոճապղպեղը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք ճնշում են օրգանիզմում օքսիդացման սթրեսը և կարող են օգնել օրգանիզմին պայքարել քրոնիկ հիվանդությունների դեմ՝ նպաստելով առողջ ծերացմանը։ 

Օգնում է կարգավորել ստամոքսի խանգարումը, մարսողությունը

Կոճապղպեղը խթանում է մարսողությունը։ Այն կարելի է ավելացնել հյութերին, թեյերին, կամ ուտել առանձին։ Օրական մեկ-երկու անգամ կարող եք օգտագործել մեկ թեյի գդալ կոճապղպեղի հյութի, նույնքան մեղրի ու գոլ ջրի խառնուրդը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ 

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930