Ինչպես հայտնել էինք, «Հայաստանի կոմունիստական կուսակցության», «Սովետական սպաների միության» եւ «Պատրիոտ դաշինք» ռազմահայրենասիրական հ/կ-ի անդամներն այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ ՀՀ-ի եւ ՌԴ-ի դրոշներով հավաք իրականացրին՝ հայտարարելու համար, որ դատապարտում են մեր երկրում ուժգնացող հակառուսական տրամադրությունները։
«Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության» նախագահ Վազգեն Սաֆարյանը հայտարարեց՝ դեմ են այն արեւմտամետ ուժերին, որոնք մտադիր են ՀՀ-ին դուրս բերել այլ ուղեծիր․ «Ժողովուրդը պետք է դասեր քաղի եւ չտրվի արեւմտյան ղեկավարների դատարկ խոստումներին։ Պատմությունը ցույց է տվել, որ մենք դրանից միայն տուժելու ենք։ Վաղը ՀԱՊԿ ղեկավարները Երեւանում են լինելու, եւ օրակարգում է ՌԴ-ՀՀ հարաբերությունների խորացումը, ՀԱՊԿ-ի օժանդակությունը ՀՀ-ին։ Մենք, իհարկե, քննադատաբար ենք մոտենում նրան, որ երբ ՀՀ-ի վիճակը ծանր էր, ՀԱՊԿ երկրներն անտարբերություն ցուցաբերեցին։ Այս քննարկման ժամանակ, կարծում ենք, շեշտադրումներ կարվեն, որ ՀԱՊԿ-ն ավելի աչալուրջ լինի դաշնակցի հանդեպ ոտնձգություններին»։
Կարդացեք նաև
Վազգեն Սաֆարյանը համոզված է, որ վաղը Երեւանում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը պատմական է այն առումով, որ գնահատական է տրվելու կառույցի գործունեությանը, հստակեցվելու են փոխօգնության դրույթները․ «Հայաստանի հետ գիտենք ինչ տեղի ունեցավ, սակայն ՀԱՊԿ որոշ անդամներ կասկածում էին, թե ինչպես է դա եղել։ Գագաթնաժողովը պետք է սա հստակեցնի, որպեսզի ՀԱՊԿ-ն ավելի արդյունավետ գործի։ Տեսնում եք, թե ՆԱՏՕ-ն ինչ հարձակողական հայտարարություններ է անում եւ իր անդամների անվտանգության համար քայլեր է ձեռնարկում։ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է փոխեն գործելաոճը եւ շարժվեն միայն կանոնադրությամբ, իսկ եթե պետք է՝ կանոնադրությունը պետք է փոխվի, որպեսզի ՀԱՊԿ անդամ երկրները վստահ լինեն, որ ոտնձգությունները կարժանանան ՀԱՊԿ-ի պատասխանին։ Ղազախստանի սահմանադրական կարգը պահպանելու համար ամեն ինչ արեցին, իսկ մեր դեպքում հորդորում են սահմաններ ճշտել։ Սահմանները վաղուց ճշտված են, ի՞նչ է, պետք է ապացուցե՞նք, որ ադրբեջանցիներն առաջ են եկել»։
Հաշվի առնելով, որ նախատեսված է նաեւ Պուտին-Փաշինյան առանձնազրույց, Վազգեն Սաֆարյանը նշեց․ «Հավանաբար, կքննարկվեն այն հարցերը, որոնք մեր համար հստակեցվելու կարիք ունեն»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ ռուսական կողմը համաձայն է Արցախի կարգավիճակի քննարկման հարցը թողնել ապագային, Վազգեն Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի դիրքորոշումն ընդունելի է․ «Այսօր պետք է սառեցնել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ մոտեցումները, որ հետագայում նոր ընթացք ստանան։ Աշխարհը փոխվում է հիմա։ Արցախի հարցը լուծում կգտնի։ Հիշեք Պուտինի խոսքերը Կոսովոյի մասին, որ ազգերն ինքնորոշվելիս չպետք է հարցնեն տվյալ պետության կարծիքը։ Սա կանդրադառնա Ուկրաինայի հարցերի եւ ԼՂ կարգավիճակի հարցի վրա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ