Նոյեմբերի 22-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:
Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Փոփոխությունների բնույթը ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը:
Փաթեթի ընդունմամբ՝ կարգելվի ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը, որը նաև կնվազեցնի սոցիալական առումով հասարակության զգալի մասի խոցելիությունը։
Կարդացեք նաև
Նախատեսվում է արգելել նաև ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, տոտալիզատորների, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը։
Պատգամավորները ընդգծել են փաթեթի շուտափույթ ընդունման կարևորությունը և առաջարկել են հասարակական մեծ չարիք ներկայացնող երևույթի վտանգը ներկայացնող սոցիալական գովազդներ պատրաստել:
Օրինափաթեթը ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի հերթական նիստի քննարկմանը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին