Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ հաջողվեց խուսափել տնավարությունից, բայց այս պահին դեռ ընտրված նախագահ չունենք»․ Սարհատ Պետրոսյան

Նոյեմբեր 22,2022 17:24

Նոյեմբերի 19-20-ին կայացավ Հայաստանի ճարտարապետների պալատի ընդհանուր ժողովը /հաշվետու-վերընտրական համագումարը։ Համագումարի նախօրեին, պալատի խորհրդի անդամ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Հայաստանի ճարտարապետների պալատի ընդհանուր ժողովը ոչ միայն իր, այլ բազմաթիվ ճարտարապետների համար ունի շատ կարևոր նշանակություն, եւ դրա արդյունքներից է կախված՝ իմաստ ունի՞ ապագայում ջանք ներդնել այդ ուղղությամբ, թե՞ ոչ։

Aravot.am-ը Սարհատ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդարացա՞ն արդյոք իր ակնկալիքները, ինչ տպավորություն ու տեսլական ունի վերը նշված առումով։ «Ճարտարապետների պալատի ձեւավորվելուց հետո սա առաջին ընդհանուր ժողովն էր, մենք համագումար ենք ասում՝ պահելով միության հերթականությունը, բայց իրականում վերաձեւավորվելուց հետո առաջին ժողովն էր։ Այն կարեւոր էր այն առումով, որ մի փուլ հաղթահարեցինք, դարձանք պալատ, պետությունից որոշակի գործառույթներ վերցրինք, եւ հիմա էականորեն պետք է տարբերվենք մյուս ստեղծագործական միություններից։ Մեր կանոնադրությամբ եւ Ճարտարապետական գործունեության մասին օրենքով՝ խորհուրդն է գլխավոր դեր ունեցողը, իսկ նախագահը երկրորդային դեր պետք է ունենա։

Ի պատիվ պալատի՝ կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց առանձնացնել խորհրդի ընտրությունը նախագահի ընտրությունից։ Մենք սկզբում ընտրել ենք խորհուրդ, այն ձեւավորվել է, ընդ որում՝ խորհուրդն էականորեն տարիքային առումով երիտասարդացել է, խորհրդում 40 տոկոսը կանայք են, ինչը ուրախալի է։ Վերջին 4 տարվա մեջ մենք կարողացանք որոշակի առումով ապահովել սերնդափոխություն (ցավոք սրտի, վերջին տարիների ընթացքում սերնդափոխություն ասվածը մեր երկրում վարկաբեկվել է)։ Այս պահին դեռ չունենք ընտրված նախագահ, որովհետեւ երկրորդ փուլ եղավ, շատ մրցակցային էր ընտրությունը, ուստի որոշեցինք շաբաթ օրը հանդիպել եւ նախագահ ընտրել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սարհատ Պետրոսյանը։

Նրա խոսքով, համագումարը հաջողված էր, եղել են նաեւ թեժ քննարկումներ, ինչը շատ դրական է գնահատում․ «Քանի որ առաջին ժողովն էր, կազմակերպական բազմաթիվ հարցեր քննարկված չէին, եւ պայմանական ասած՝ սերնդափոխությունն էր օրակարգում, այլ խնդիրներ կարծես ստվերվեցին, մենք ավելի շատ ուշադրություն դարձրինք, թե ինչպես պետք է լինի ընտրությունը, ինչպես կանոնակարգել գործընթացները, որպեսզի կարողանանք խուսափել՝ այսպես կոչված, տնավարությունից։ Մեզ հաջողվեց խուսափել դրանից, մենք լավ ուսումնասիրել ենք փաստաբանների պալատի ընտրությունների գործընթացը։

Ցավալիորեն մասնագիտական, բովանդակային քննարկումներ քիչ եղան, բայց եթե շաբաթ օրվա արդյունքներով կարողանանք վերջնականապես թերթել այսպես կոչված նախկին էջը, ամեն ինչ հրաշալի կլինի։ Ես որեւէ բացասական բան չեմ ուզում ասել, որովհետեւ իրապես հեղափոխական քայլ ենք արել։ Արդեն կգա այն ժամանակը, որ կարող ենք վերաարժեւորված պալատով նոր քննարկումներ ունենալ բովանդակային հարցերի վերաբերյալ»։

Ինչ վերաբերվում է հավակնորդներին, այս մասին էլ մեր զրուցակիցը նշեց․ «Ունեինք 2 նախկին փոխնախագահներ, որոնք առաջադրվել էին՝ Ալեքսանդր Բադալյանը, Բորիս Քոչարյանը եւ Երեւանի ավագանու նախկին անդամ Արսեն Կարապետյանը։ Երկրորդ փուլ են անցել Ալեքսանդր Բադալյանը, որը 30 տարի պալատի փոխնախագահն է եւ Արսեն Կարապետյանը, որը համեմատաբար երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է: Ես, իհարկե, կտրականապես դեմ եմ տարիքային բաժանմանը, որովհետեւ, օրինակ` Բորիս Քոչարյանը, որը դժբախտաբար չանցավ երկրորդ փուլ, ամենաազատ մտածող մարդկանցից մեկն է, եւ որը Ճարտարապետների պալատի կայացման մեջ շատ մեծ դերակատարություն է ունեցել։

Մի խոսքով, շաբաթ օրը պետք է հավաքվենք եւ վերջնականապես որոշենք, թե ինչպիսի փոփոխություններ ենք ուզում ունենալ։ Ընդ որում, արդեն խորհրդով ցեմենտել ենք այդ փոփոխությունները։ Հուսով եմ՝ ճիշտ ընտրություն կկատարենք։ Երկու թեկնածուների հետ էլ ունեմ ջերմ հարաբերություններ, բնականաբար Արսենի հետ ավելի մոտ ու ընկերական, բայց կարծում եմ, որ երկուսի դեպքում էլ կկարողանանք լավ արդյունք ունենալ։ Բնականաբար, իմ նախընտրությունը Արսենի կողմն է»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հարցազրույցի մանրամասները՝ տպագիր «Առավոտում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930