Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառուս ուժերն ամեն ինչ անում են, որ «խաղաղության պայմանագիրը» կնքվի վաշինգթոնյան տարբերակով»․ Երջանիկ Ղազարյան

Նոյեմբեր 22,2022 17:15

«Հայաստանի կոմունիստական կուսակցության», «Սովետական սպաների միության» եւ «Պատրիոտ դաշինք» ռազմահայրենասիրական հ/կ-ի անդամներն այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ Հայաստանի եւ ՌԴ-ի դրոշներով հավաք իրականացրին՝ հայտարարելու համար, որ դատապարտում են մեր երկրում ուժգնացող հակառուսական տրամադրությունները։

Կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը հայտարարեց, որ հակառուսական քարոզչությունն իրականացվում է այդ թվում իշխանություններում տեղ գտած արեւմտյան հիմնադրամներից ղեկավարվողների ներկայացուցիչների կողմից․ «ՀՀ-ն այսօր ծանր վիճակում է եւ տարածքային կորուստներ ունի։ Լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում, որովհետեւ փորձում են ՀԱՊԿ-ը փոխարինել ՆԱՏՕ-ով՝ չհասկանալով, որ ԵՄ դիտորդները ոչինչ չեն փոխելու։ Ադրբեջանը միեւնույնն է՝ կրակում է եւ հարձակվում։ Չմոռանանք, որ Արցախից պահպանված հատվածը մնացել է շնորհիվ ՌԴ խաղաղապահ զորքերի»։

Ըստ Երջանիկ Ղազարյանի՝ հակառուսական ուժերն այսօր ամեն ինչ անում են, որպեսզի թուրք-ադրբեջանական օրակարգը ՀՀ-ում առաջ գնա եւ «խաղաղության պայմանագիրը» կնքվի ոչ թե ռուսական, այլ վաշինգթոնյան տարբերակով․ «Վաշինգթոնի տարբերակին մենք դեմ ենք, քանի որ դրանով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է ճանաչվելու՝ Արցախը ներառյալ։ Հաջորդիվ հարց կառաջանա՝ եթե դա ինքնիշխան Ադրբեջանի տարածք է, ՌԴ խաղաղապահներն այնտեղ ի՞նչ են անում։ Հաջորդիվ, երբ ՌԴ-ն թուլացած լինի, ՀՀ-ից դուրս կբերվի ռուսական ռազմակայանը։ Շատերը մոռացել են, որ 1992թ․-ին Թուրքիան պատրաստ էր հարձակվել ՀՀ-ի վրա, եւ այն ժամանակ կոմկուսի երջանկահիշատակ առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանի շնորհիվ բերվեցին ՌԴ սահմանապահները, եւ մինչեւ օրս Թուրքիան չի համարձակվել մտնել ՀՀ։ Եթե եղավ թույլ Ռուսաստան, չի լինելու Հայաստան»։

Երջանիկ Ղազարյանը նաեւ նշեց, որ ՀՀ-ՌԴ պայմանագրերն ու համաձայնագրերը թարմացման, ամրապնդման կարիք ունեն․ «Հասկանանք, որ ՌԴ-ի շահերը մեր հետ համընկնում են, բայց նա չի կարող այսօրվա իրավիճակում վատթարացնել իր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Թուրքիան իր համար ժամանակավոր, իրավիճակային գործընկեր է։ Ելք էր պետք՝ հաշվի առնելով պատժամիջոցները։ Իհարկե, մենք ողջունում ենք Եվրոպայի քայլերը, բայց թղթի վրա գրելն ու իրականում գործ անելն ուրիշ բաներ են։ Շատերը ոգեւորված են Ադրբեջանի վերաբերյալ Ֆրանսիայի սենատի որոշումից՝ մոռանալով, թե ինչպես Ֆրանսիան 1921թ․-ին Կիլիկյան Հայաստանը վաճառեց Թուրքիային։ Եթե այսօր ՌԴ խաղաղապահները դուրս գան Արցախից մնացած հատվածից, ունենալու ենք ցեղասպանություն, հայաթափում, ինչպես Նախիջեւանում եղավ»։

Երեւանում վաղը կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Երջանիկ Ղազարյանն ասաց՝ ակնկալիքներ ունեն, որ հնարավորություններ կգտնվեն Ադրբեջանին սաստելու, որքան էլ ոմանք պնդեն, թե ՀԱՊԿ-ում ընտրողաբար են բարեկամ համարում Ադրբեջանին ու ՀՀ-ին․ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կանոնադրության փոփոխությանը, ապա եթե դա հնարավորություններ է ստեղծում, մենք սատարում ենք դա։ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ դառնալու հնարավորությանը դեմ ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930