Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց տանում են առաջնագիծ՝ առանց համապատասխան լուրջ պատրաստության, այնպես են անում, որ բանակը դառնա ինչ-որ պատժի տեղ, պատժամիջոց». Կարեն Վրթանեսյան

Նոյեմբեր 22,2022 17:01

Ահազանգեր կան, որ Բաքվի բանտից վերադարձած գերիներին, որոնք գտնվում են ծառայության մեջ, առանց վերականգնողական կուրս անցնելու, առանց հոգեբանական օգնության՝ տանում են դիրքեր ու պետական մակարդակով այնպիսի վերաբերմունք են ունենում նրանց նկատմամբ, որ ստիպված ինքնասպանության գնան:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը (լուսանկարում) հարցին՝ Դուք նման տվյալներ ունե՞ք՝ պատասխանեց. «Չէ, չունեմ տվյալ, բայց ճիշտն ասած չեմ զարմանում, քանի որ կարծես ամեն ինչ արվում է, որ հնարավորինս մարդկանց վանեն զինվորական ծառայության գաղափարից: Նույնը վերաբերվում է այսպես կոչված հավաքներին, որոնք իրականում հավաքներ չեն, այլ մարդկանց տանում են առաջնագիծ՝ առանց համապատասխան լուրջ պատրաստության: Այնպես են անում, որ բանակը դառնա ինչ-որ պատժի տեղ, պատժամիջոց: Ու ամենազավեշտալին այն է, որ նաեւ սպառնում են բանակով, ընդհուպ մինչեւ լրագրողներին է սպառնում իշխանական պատգամավորը սահմանային ծառայությամբ»:

Կարեն Վրթանեսյանի համար անհասկանալի է՝ սկզբում իշխանականները հերոսացնում էին գերիներին, հետո խարազանում, հիմա էլ ուղարկում են ծառայության. «Իրականում նաեւ անվտանգային խնդիրներ կան: Նախ, դա այնպիսի տրավմատիկ իրադարձություն է, որ այդ մարդիկ, ինչքան էլ արտաքնապես լավ թվան, նրանց հոգեբանական վիճակը այնպիսի է, որ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ՝ նորից առաջնագծում հայտնվելու դեպքում: Երկրորդը՝ եթե իրենք հատուկ ջոկատային չեն ու հատուկ պատրաստություն չեն անցել, շատ դժվար է նման տրավմայից հետո նորմալ շարք մտնել ու արդյունավետ ծառայել: Երրորդը՝ իրականում որեւէ երաշխիք չկա, որ իրենք հավաքագրված չեն լինի Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից: Այդ վտանգը միշտ կա: Ես հուսով եմ, որ նման դեպքերի չենք բախվի, բայց սա շատ նուրբ ու վտանգներով լի խնդիր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930