Ադրբեջանի նախագահի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Իլհամ Ալիեւը երեկ պնդել էր, թե «հակաադրբեջանական որոշ դրույթներ հանվել են» Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում շաբաթավերջին ընդունված ու Հայաստանին համերաշխություն հայտնող բանաձևից։
«Ազատության» ձեռքի տակ է հայտնվել «Ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևի նախագիծը, որն ընդունվել է, բայց վաղն է պաշտոնապես հրապարակվելու։ Հունանյանը հաստատեց՝ հենց այդ փաստաթուղթն է ընդունվել։
Կետերից մեկով կազմակերպության 50-ից ավելի երկրներն իրենց համերաշխությունն են հայտնում անդամ Հայաստանին, նաև մտահոգությունն արտահայտում բոլորովին վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղ գտած ռազմական էսկալացիայի, հատկապես այդ առճակատման հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ: Նաև ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորում գտնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե բանաձևից որոշ դրույթներ հանվել են Բաքվի դիվանագիտական ջանքերի շնորհիվ։
«Այդ բոլոր փաստաթղթերը ինչպես որ ներկայացվել են նախարարական համաժողովում, այդպես էլ ընդունվել են կազմակերպության կողմից, այսինքն՝ նախագիծն ամբողջությամբ ընդունվել է գագաթնաժողովի կողմից», – ասաց Վահան Հունանյանը:
Աստղիկ ԲԵԴԵՎՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: