Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ խնդիր կա՝ չի բացառվում, որ այդ տղաներին հավաքագրած լինեն Ադրբեջանի հատուկ ծառայությունները». Կարեն Հովհաննիսյանը՝ վերադարձած ռազմագերիներին դիրքեր տանելու մասին

Նոյեմբեր 22,2022 16:27

Ահազանգեր կան, որ Բաքվի բանտերից վերադարձած գերիներին, որոնք գտնվում են ծառայության մեջ, առանց վերականգնողական կուրս անցնելու, առանց հոգեբանական օգնության՝ տանում են դիրքեր ու պետական մակարդակով այնպիսի վերաբերմունք են ունենում նրանց նկատմամբ, որ ստիպված ինքնասպանության գնան:

Կարեն Հովհաննիսյան

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հարցին՝ դուք նման տվյալներ ունե՞ք՝ պատասխանեց. «Անհատական տեղեկություններ չունեմ, որ այդ զինվորներին տարել են, բայց մեր օրենսդրությամբ իրենք որեւէ կերպ չեն ազատվում ծառայությունից: Իրենք պարտավոր են շարունակել ծառայությունը, ըստ օրենքի: Եթե քրեական գործ է հարուցվում, քրգործի շրջանակներում ժամանակավորապես դադարեցվում է ծառայությունը՝ մինչեւ դատարանի որոշում լինի՝ օրինական ուժի մեջ մտած: Իսկ եթե քրեական գործ չի հարուցվում, իրենց ուղարկում են ծառայության, այսինքն, այդ հարցն օրենքով կարգավորված չի»:

Ճշտեցինք՝ օրենքում անգամ չի՞ նախատեսվում, որ խոշտանգված, գերությունից վերադարձած զինծառայողներին պետք է վերականգնողական բուժման տանեն, հոգեբանական օգնություն տրամադրեն՝ նա պատասխանեց. «Չէ, ցավոք, չկա: Իրականում դա մեծ պրոբլեմ է, չգիտեմ ինչու դրան ուշադրություն չեն դարձնում, բայց բացի առողջական ու հոգեբանական խնդիրներից, այստեղ ուրիշ մեծ խնդիր կա՝ չի բացառվում, որ այդ տղաներին հավաքագրած լինեն Ադրբեջանի հատուկ ծառայությունները: Այդ մարդիկ, ինֆորմացիայի տիրապետելով հանդերձ, մի որոշ ժամանակ հետո, օրինակ, ծառայությունն ավարտելուց հետո սկսեն ինֆորմացիա տալ: Այդ մտավախությունն էլ կա: Բայց օրենքում չկա կետ, որ ռազմագերիները չպետք է շարունակեն ծառայությունը»:

ՀԿ-ներից մեկի ղեկավարն իր հարցազրույցում նշել էր, որ գերությունից վերադարձած տղաներից ասես վրեժ լուծեն, Հայաստանի ռազմական ոստիկանությունում նրանց ասել են՝ «մի նռնակ չունեի՞ք, ձեզ պայթեցնեիք»։ Այս առնչությամբ Կարեն Հովհաննիսյանն ասաց. «Իրականում ռազմական ոստիկանությունը, իմ կարծիքով, մեր բանակի ամենակույրաղիք օղակն է: Ռազմական ոստիկանությունը ի սկզբանե էլ հենց այդ դերակատարությունն է ունեցել, որ մարդկանց ինքնասպանության է դրդում, դրդում է, որպեսզի չկատարած մեղքերը իրենց վրա վերցնեն, տարբեր բաներ կան: Այս դեպքում էլ կարծում եմ, դա բացառություն չի: Իրականում դա ռազմական ոստիկանության տիրույթում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930