«Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը
Արցախի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր
Արշակ Գրիգորյանի նկատմամբ գործադրված բռնության վերաբերյալ
Ս․թ․ նոյեմբերի 18-ին ԱՀ Ազգային ժողովի հարակից տարածքում, մասնավորապես՝ «Արմենիա» հյուրանոցի սրճարանում, ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը քաղաքական դրդապատճառներով անվայելուչ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության անդամների նկատմամբ, որի հետևանքով վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց։
Այնուհետև պատգամավոր Ա․ Գրիգորյանին զանգահարել և զրուցելու պատրվակով «Արմենիա» հյուրանոցի սրճարան է հրավիրել վերոնշյալ միջադեպի ժամանակ պատգամավոր Դ․ Գալստյանին ուղեկցող «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։ Ա․ Գրիգորյանի և Հ․ Հակոբյանի՝ մի քանի րոպե տևած զրույցն ընդհատվել է պատգամավոր Դ․ Գալստյանի և նրան ուղեկցող մի քանի անձանց կողմից Ա․ Գրիգորյանի վրա թիկունքից հարձակմամբ։ Արդյունքում երրորդ կողմի ներգրավմամբ կանխամտածված բռնության է ենթարկել ԱԺ պատգամավոր Ա․ Գրիգորյանը։
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ԱԺ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝
Կարդացեք նաև
խստորեն դատապարտում ենք պատգամավոր Ա․ Գրիգորյանի նկատմամբ բռնության կիրառումը և անթույլատրելի ենք համարում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը հատկապես պատգամավորական մանդատ կրող անձանց նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ,
պահանջում ենք Ազգային ժողովում ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննության առնել ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դ․ Գալստյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը՝ արարքի համապատասխան որակմամբ,
կոչ ենք անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները՝ բացահայտելու պատգամավոր Ա․ Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց և վերջինիս նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում՝ արարքի համապատասխան քրեաիրավական որակմամբ։
«Միասնական հայրենիք» կուսակցություն