Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ դատական նիստը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Նիստը մեկնարկեց 20 րոպե ուշացումով: Դատավորն իր ուշացումը պատճառաբանեց մեկ այլ գործով իր՝ խորհրդակցական սենյակում գտնվելով:
Գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էին միջնորդություն, որ չեն կարող ներկա գտնվել նիստին: Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ առողջական խնդիրներ ունի, Հայկ Ալումյանը նշել էր, որ այլ դատական նիստի պետք է ներկայանա:
Կարդացեք նաև
Դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց նաև վերջինիս երրորդ պաշտպան Արամ Օրբելյանի բացակայության պատճառների մասին, ինչին ի պատասխան Քոչարյանը հայտնեց, որ Արամ Օրբելյանը գալիս է նիստերին, երբ միջնորդություն ունի անելու:
Դատարանը հայտարարեց, որ պաշտպանների բացակայության պայմաններում նիստը ենթակա է հետաձգման, ինչին հակադարձեց գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը. «Պաշտպանները չեն ներկայացրել այլ դատական նիստում գտնվելու կամ առողջական խնդիր ունենալու որևէ ապացույց, ուստի նրանց բացակայությունն անհարգելի է և նիստը ենթակա է շարունակման»:
Ավելին, դատախազի կարծիքով` սույն գործով դատական նիստերը միշտ նշանակվում են նույն օրը նույն ժամին, ուստի կարելի է մնացած գործերը հարմարացնել:
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց. «Թեև սույն գործով նիստերը միշտ նշանակվում են երեքշաբթի օրերին, սակայն մեր ուրիշ գործերով դատավորները ոչ միշտ են մեզ հետ համաձայնեցնում այդ գործերով դատական նիստերի օրերը, առավել ևս, երբ պիտի տեղի ունենա առաջին դատական նիստ: Ինչ վերաբերվում է առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ ապացույցին, ապա ասեմ հետևյալը. aնձն առավոտյան արթնացել է և իրեն վատ է զգում, բնականաբար, հնարավորություն չունի որևէ թուղթ ներկայացնելու: Մենք պետք է պարզապես հավատանք փաստաբանի հայտնած խոսքին, քանի որ փաստաբանը չի կարող պարզապես սուտ տեղեկություն հայտնել դատարանին: Իսկ իմ գործընկերները վստահ եմ հաջորդ դատական նիստին կներկայացնեն այդ ապացույցները» :
Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել : Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին դատարանն Արմեն Գևորգյանին թույլատրել էր երկրից բացակայել մինչև դեկտեմբերի 4-ը, հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 6-ին, ժամը 13 :00-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ