Սեպտեմբերի 30-ին համածառայակցին թշնամու հետ շփոթելու արդյունքում նրա ուղղությամբ կրակահերթ արձակած զինծառայողը շարունակում է մնալ կալանքի տակ: Առաջիկա օրերին դատարանը կքննի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը:
Պաշտպանական կողմի միջնորդությամբ նշանակվել է դատափաստաթղթաբանական եւ դատահոգեբանական փորձաքննություն:
«Մենք հիմնավոր կանխավարկած ունենք, որ դեպքը տեղի է ունեցել իմ պաշտպանյալի աֆեկտի վիճակում գտնվելու պայմաններում, այսինքն՝ այն հոգեճնշումն ու հոգեկան ծանրաբեռնվածության վիճակը նպաստել է, որ նա չկարողանա ղեկավարել իր գործողություններն այնպես, որ նկարագրված դեպքը տեղի չունենար: Այս փորձաքննություններով կհիմնավորվեն գործի ելքի համար մի շարք էական ու կարեւոր հանգամանքներ, որոնք հետագայում իրենց ազդեցությունը կունենան իմ պաշտպանյալի արարքին քրեաիրավական ճիշտ գնահատական տալու վրա», -Aravot.am-ին ասաց զինծառայողի պաշտպան Գեւորգ Մխիթարյանը: Նա ասաց, որ դեռեւս առերեսումներ չեն եղել:
Փաստաբանի խոսքով, նշանակվել է նաեւ դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն. «Ամբուլատոր փորձաքննությունը սովորաբար կալանք կրող մեղադրյալի դեպքում չի կատարվում, այլ կատարվում է ստացիոնար: Տարբերությունն այն է, որ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունը անցկացվում է 21 օր հոգեբուժական հիմնարկում փորձաքննվողի կողմից հոգեբուժական հիմնարկում, իսկ ամբուլատոր փորձաքննությունը կատարվում է փորձագետի նշանակած օրը եւ տեւում է մի քանի ժամ: Այսինքն՝ սրանից կարելի է եզրակացնել, որ նախաքննական մարմինը եւս հասկանում է, որ իմ պաշտպանյալին կալանքի տակ պահելու հետագա անհրաժեշտություն կարող է չառաջանալ՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ կալանքի տակ պահելու հիմքն առհասարակ բացակայում է»:
Կարդացեք նաև
Կատարվածի վերաբերյալ պաշտպանական կողմը տուժողի ներկայացուցչի դիրքորոշմանը կամ վերաբերմունքին ծանոթ չէ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում՝ առաջնագծում: Համածառայակցի ուղղությամբ կրակոցներ արձակած ու անզգուշությամբ նրան մահ պատճառած զինծառայողը Արմավիրի մարզից էր, 19-ամյա զինծառայող, իսկ մահացածը դիրքի ավագն էր, կրկին 19 տարեկան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ