Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր հաջողություններով ընդգծվում է մեր կրթության մրցունակությունը». Դումանյանն ընդունել է միջազգային առարկայական օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտներին

Նոյեմբեր 22,2022 13:55

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է 2022 թվականին 7 առարկայի գծով միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտներին։

Այս տարի հայ աշակերտները ռեկորդային՝ 21 մեդալ են նվաճել տարբեր առարկաների միջազգային օլիմպիադաներում։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի գիտատեխնիկական աշխատանքների գծով փոխտնօրեն Հայկազ Նավասարդյանը, Հայաստանում կայացած Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ, աշակերտներ։
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է հաջող ելույթների և արդյունքների համար՝ ընդգծելով, որ առարկայական օլիմպիադաներում մեր դպրոցականների նվաճած յուրաքանչյուր մեդալ կարևոր է:

«Ձեր մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին ու գրանցած հաջողությունները շատ կարևոր են պետության համար, քանի որ դրանով ընդգծվում է մեր կրթության մրցունակությունը միջազգային չափանիշներով»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ կոչ անելով օլիմպիական ակտիվությունը շարունակել ավելի մեծ եռանդով:

Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ամռանը Երևանում անցկացված Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային․ «Այն բացառիկ իրադարձություն էր։ Մենք պետք է ավելացնենք նմանօրինակ միջազգային օլիմպիադաները մեր երկրում անցկացնելու հաճախականությունը և ընդլայնենք առարկաների ցանկը։ Իհարկե, սա բավական պատասխանատու և աշխատատար գործընթաց է, բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով»։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է բոլոր 21 մեդալակիրներին, շնորհավորել և զրուցել նրանց հետ։
Երևանում անցկացված Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայում «Հերացի» ավագ դպրոցի սովորող Արման Հայրապետյանը բրոնզե մեդալ էր նվաճել։ Հայաստանի թիմերը միջազգային օլիմպիադայում նաև 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել «Մաթեմատիկա», 3 բրոնզե մեդալ՝ «Ֆիզիկա», 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ «Քիմիա», 2-ական բրոնզե մեդալ՝ «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա», ևս 3 բրոնզե մեդալ՝ «Աստղագիտություն» առարկաներից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՅԲ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Քեշիշյանը, որը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մասնակցել է Hippo «English Without Borders» անգլերենի միջազգային օլիմպիադային և զբաղեցրել առաջին հորիզոնականը։ 10-րդ անգամ անցկացվող այս օլիմպիադային 54 երկրի 184 ներկայացուցիչ է մասնակցել։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է աշակերտներին ու շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի և ունեցած ձեռքբերումների համար․ «Մենք, կարծես, սովորել ենք ամեն տարի միջազգային օլիմպիադաներից նվազագույնը 20 մեդալ ունենալ։ Իհարկե, տարբեր կարգի մեդալների մասին է խոսքը, բայց նման ցուցանիշների առկայությունը խոսում է այն մասին, որ մենք օլիմպիադայի հանրապետական փուլերում կարողանում ենք ձևավորել մրցունակ թիմեր, որոնք պատշաճ հանդես են գալիս նաև միջազգային օլիմպիադաներում։ Այս մեդալները մեր աշակերտների անձնական ձեռքբերումներն են, բայց սա նաև թիմային աշխատանքի արդյունք է»։

Նշենք, որ միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներին պետության կողմից կրթաթոշակ է հատկացվում. առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25 հազար դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20, իսկ երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15 հազար դրամ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առարկայական օլիմպիադաներում ավելի մեծ թվով դպրոցների ներգրավվածության, հնարավորինս շատ դպրոցականների արդյունավետ մասնակցության հարցերը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930