Ամիսներ առաջ քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հանձնարարեցիք թափոնամաններ տեղադրել ամբողջ քաղաքում և մեկնարկը սկսել Դավիթաշեն վարչական շրջանից, ի՞նչ փուլում է թափոնամանների հարցը: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին Երևանի ավագանու այսօրվա նիստում նման հարցով դիմեց ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:
«Մենք մրցույթը հայտարարեցինք, հաղթող կազմակերպություն կա, առանց ֆինանսական միջոցների էր այդ մրցույթը հայտարարված: Միևնույն ժամանակ Եվրամիության հետ առանձին ծրագիր ունենք, որի շրջանակներում նույն աղբամանների ձեռքբերումը և աղբամաններից աղբի տեղափոխման համար ավտոմեքենաների ձեռք բերման մրցույթ է հայտարարվել, որը նույնպես կայացել է, այդ իսկ պատճառով որոշում կայացրեցինք երկրորդ մրցույթի շրջանակներում դրանք ձեռք բերենք»,-ասաց քաղաքապետը։
Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ավելացրեց, որ մրցույթը կայացել է, այն պայմանագրի կնքման փուլում է։ Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվելու երկու մեքենա, թվով 330 աղբատար, նախատեսված ապակյա տարրերի համար և 600 հատ՝ պլաստիկի, մետաղի և թղթի համար։ Սարքավորումների մատակարարումը կլինի 2023 թվականի մարտ ամսին։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ