Ժամանակակից գրող, դրամատուրգ, դերասան Վահրամ Սահակյանը «Հայելի» ակումբում խոսեց իր ներկայացման մասին, որը պետք է խաղան դեկտեմբերի 3-ին եւ 4-ին, եւ որի պատրաստման համար 2 ամիս աշխատել է: Նա զարմանք հայտնեց, որ յութուբով 15000 մարդ դիտել է իր ելույթը, բայց, նրա խոսքով, ներկայացմանն իր տեղն ապահովել է զրո մարդ;
«Ո՞նց կարող է 15000 մարդ հավանի իմ հարցազրույցը, բայց չուզենա գալ ներկայացման, սա էքպերիմենտի պես բան է․․․Եթե էս վիճակն է, սա վիրավորանք է։ Իսկ ես հիմարաբար մտածում էի, թե լավ բան եմ անում, բայց պարզվում է՝ ոչ մեկը չի ուզում գալ, հիմա եթե այդպես է, 90 տոկոսով ներկայացումը կչեղարկեմ։ Նման բան չի եղել երբեք․․․»,-ասաց Վահրամ Սահակյանը։
Նա Նիկոլ Փաշինյանին մեծարած ու նախկիններին քննադատած արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանին ու այսօրվա անվանի արվեստագետներին էլ անդրադարձավ․ «Դուք 70 թվականից ասում եք՝ Փափազը, հա Փափազը։ Նախ էդ Փափազին ոչ ոք չի տեսել, որ իր մասին կարծիք կազմի․․․Հասկացանք՝ պետք է գնահատել հայ մեծերին։ Ես 80-ականներին ասացի՝ հիմա դուք ասում եք՝ Փափազը, Պետրոս Ադամյանը, բայց հիմա ողջ մարդ կա մեր կողքին՝ Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, եկեք այդ մարդկանց հասկանանք, դերասանական արվեստում ամեն մարդ իր բնույթն ունի, բայց ինքը (Հենրիկ Հովհաննիսյանը-Գ․Հ,) մինչեւ հիմա Փափազը, Փափազը․․․․Արվեստագետ եք, մտավորական եք, ինչ եք, դուք այնքան միօրինակ մարդ եք, էսօրվա արվեստից տեղյակ չեք, դուք ապրում եք հնությամբ, ապրում եք մեռելներով, դուք բոլորդ մեռելակեր եք, արա․․․Էսօրվա իրենց կրթած սերունդները, իր կրթած սերունդները դուրս են գալիս ու էլի խոսում են Փափազից․․․»։
Վահրամ Սահակյանը իր ներկայացման հերոսին՝ Գոռ Մտնունցին էլ հիշեց․«Էդ Գոռ Մտնունցը հենց էսօրվա 80-անց մտավորականն է։ Երբ իրեն ասում են՝ այ ցավդ տանեմ, դուք հիմա եկել եք, 80-անց մարդ, հայհոյում եք նախկիններին ու ասում եք՝ հիմա լավ է․․․Հասկացանք, բայց էդ նախկինները, եթե վատն են, ինչո՞ւ եք իրենցից վերցրել կոչումներ, պաշտոններ, բնակարան, ավտոմեքենա․․․Իրենք կարող է ասեն՝ գիտե՞ք ինչ, դուք իրավունք չունեք ծաղրելու, այդպես արտահայտվելու 80-ն անց մտավորականի մասին․․․Արա, բայց քեզ ով էր խնդրում, որ դու դառնաս 80-ն անց մտավորական, նորմալ մարդիկ, օրինակ՝ Վլադիմիր Վիսոցկին 40 տարեկանում մեռավ, Պետրոս Դուրյանը՝ 21-ում, Չարենցն էլ ջահել գնաց։ Ձեզ ով է խնդրել 80-ն անց մտավորական դառնաք ու մի հատ էլ գաք մարդկանց վրա մուննաթ գաք․․․Ես տարիներով Ֆրանսիայում ապրել եմ, կողքի երկրներում էլ եմ շփվել, աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա, որ նախկիններից նյութական ամեն բան վերցնի ու հետո կանգնի ասի՝ հիմա ավելի լավ է, նրանք վատն էին․․․»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ